Գուցե և կոռեկտ չէ ասել, սակայն Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի մահը ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցներում լուսաբանվեց այնքան լայնորեն, ասես կյանքից հեռացել էր Ռուսաստանին հարազատ քաղաքական մի այր: Սակայն այստեղ ոչ մի առեղծված չկա. բոլորը գիտեն, որ տեղական ԶԼՄ-ները գերազանցապես վերահսկում են հրեաները: ՈՒշադրություն էր գրավում նաև այն պարագան, որ հանգուցյալի վերաբերյալ բազմաթիվ վերլուծական նյութերում զուգահեռաբար հիշատակվում էին նաև Իսրայելի գրեթե բոլոր հին ու նոր ղեկավարները` Դավիդ Բեն -Գուրիոնից միչև Բենիամին Նեթանյահու, նրանց գործունեությունը` ի շահ վերագտնված հրեական պետության հաստատման ու զարգացման: Չնչին բացառությամբ, բոլոր այդ անձինք արաբների դեմ մղված պատերազմների հերոսներ են, ազգային ու համաշխարհային քաղաքականության երևելի դեմքեր, վառ և ուժեղ անհատականություններ, գերկրթված ինտելեկտուալներ: Բնական է, որ միանշանակ չի եղել նրանց ինքնահաստատման ուղին. անողոք են եղել, հաճախ էլ` պարզապես դաժան արաբների ու հատկապես պաղեստինցիների նկատմամբ: Սակայն բոլորն էլ բացառապես առաջնորդվել են Իսրայելի ու նրա ժողովրդի շահերով: Նրանց կյանքում էլ են եղել զանազան անպատեհություններ, սկանդալներ, նույնիսկ կոռուպցիոն, սակայն նրանցից և ոչ մեկը չի դարձել… դոլարային միլիարդատեր: Համենայն դեպս, չի նկատվել, որ ազգը միահամուռ մերժի նրանցից որևէ մեկին:
Հատկապես «արաբական գարունից» հետո, երբ այդ աշխարհի շատ երկրներ թևակոխեցին իրենց պատմության քաոսային շրջանը, երբ նույնիսկ նավթագազառատ միապետություններն անընդունակ են վերածվելու արդիական արդյունաբերապես զարգացած պետությունների, փոքրատարածք Իսրայելը դարձել է հսկա աշխարհաշրջանի ամենահզոր տերությունը տնտեսական, ռազմական, գիտատեխնիկական և այլ առումներով: Եվ այստեղ արժե կրկին արձանագրել, որ այդ վերընթացում իրոք հսկայական է Իսրայելի ղեկավարներից յուրաքանչյուրի անհատական ավանդը:
Իսկ հիմա փոքր մի մեջբերում ռուսական մամուլից: Ներկայիս Իսրայելի պետական բյուջեն կազմում է 100 միլիարդ դոլար: Ամերիկյան տարեկան օգնությունը ընդամենը 3 միլիարդ է (մեր հայաստանյան բյուջեի չափ): Եթե 1960 թվականին Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի ու Հորդանանի միացյալ ներքին համախառն արտադրանքը իսրայելականը գերազանցել է երեք անգամ, ապա 1970 թվականին այդ հարաբերակցությունը կազմել է 2:1: 1980-ին ցուցանիշները հավասարվել են, իսկ արդեն 1995-ին հինգ միլիոն իսրայելցիներ տվել են ավելի քան 70 միլիարդ դոլարի արտադրանք այն դեպքում, երբ 70 միլիոն եգիպտացիների, սիրիացիների, լիբանանցիների ու հորդանանցիների միացյալ արդադրանքը չի անցել 68 միլիարդի սահմանը: Եվ եթե Իսրայելի ներկա ու գալիք ղեկավարները շարունակեն զարգացնել այս միտումները առաջիկա տասնամյակում, ապա, ի վերջո, իսրայելական ներքին համախառն արտադրանքը կրկնակի կգերազանցի իր արաբ հարևանների միացյալ ցուցանիշը:
Հետո էլ ասում են, թե հրեաների ու հայերի միջև ընդհանուր շատ բան կա: Ո՞ր հարևանից (չենք ասում` հարևաններից ) ենք մենք առաջ…
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա