Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մարմինը կարտաշիրիմվի: Այս մասին հայտարարել է երկրի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Грузия online-ի հաղորդմամբ դատախազությունը նախատեսում է Զուրաբ Ժվանիայի մահվան փորձաքննությանը ներգրավել շվեցարական կամ իսրայելական մասնագետների: Ղարաբաշվիլին ասել է, թե Ժվանիայի մահվան գործով կստեղծվի հանաձնաժողով. «Մենք ծրագրում ենք հանձնաժողով ստեղծել: Դրա հետ կապված խորհրդակցություններ են տեղի ունենում Թոմաս Համարբերգի հետ, որ նա ներգրավվի հանձնաժողովում, որպեսզի ողջ ընթացքն անցնի թափանցիկ»:
Նշենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան պատճառների մասին խոսակցությունները թարմացան անցյալ տարի հոկտեմբերին Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների ֆոնին: Երկրի այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ակնարկել էր, որ գործի քննությունը պատշաճ չի իրականացվել, և Ժվանիայի մահվան պատճառը պարզված չէ:
Հիշեցնենք, որ Զուրաբ Ժվանիան մահացել է 2005-ի փետրվարի 3-ին, Քվեմո Քարթլիիի նահանգապետ Ռաուլ Յուսուպովի հետ` մինչ այս հրապարակված պաշտոնական վարկածով` գազի թունավորումից:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ