«Քայլերը, որոնք երեկ արվել են, հակաժողովրդավարական են»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին` անդրադառնալով դեկտեմբերի 16 -ին Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքներին: Քերրին հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչի ստորագրած օրենքները հակասում են ԵԱՀԿ և ԵՄ սկզբունքներին:
Այսպիսով`երեկ Վիկտոր Յանուկովիչի ստորագրած օրենքների արդյունքում կասկածի տակ է դրվում «եվրամայդանի» հետագա շարունակությունը: Այժմ արդեն հանրահավաքների, երթերի մասնակիցներին արգելվում է կրել մետաղյա գլխարկներ (каска), դիմակներ, դեմքերը ծածկել վզնոցներով, արգելվում է ունենալ ինքնապաշտպանական միջոցներ` արցունքաբեր գազի սրվակներ և այլն: Այս պահանջները խախտելու դեպքում նախատեսված է դրամական տուգանք` 321-518 դոլարի չափով կամ ազատազրկում 15 օրով: Այսուհետ բողոքի ակցիաների մասնակիցները վրաններ, բեմ կամ բարձրախոսներ տեղադրելու համար պետք է ունենան ոստիկանության թույտվությունը, խախտողը կտուգանվի 510-620 դոլարով կամ կենթարկվի վարչական կալանքի: Արգելված են նաև ավտոմեքենաներով զանգվածային ակցիաները: Հինգ մեքենայից ավելի շարասյունով երթևեկելը արգելվում է: Արգելվում է նաև վարչական շենքերի գրավումը:
Յանուկովիչի բռնապետական քայլերից անմասն չեն մնացել և ինտերնետ-կայքերը: Էլէկտրոնային ԶԼՄ-ները այսուհետ վերահսկողության տակ կանցնեն: Այն կայքերը, որոնք գրանցված չեն որպես ԶԼՄ, կտուգանվեն լրատվական գործունեություն ծավալելու համար: Վերջին երկու ամիսներին բազմաթիվ ոչ լրատվական գործունեություն ունեցող կայքեր եվրամայդանից տեսանյութեր էին հեռարձակում, հրապարակում ընդդիմության գործողություններին վերաբերող նյութեր: Այսուհետ կարգը խախտելու համար տվյալ կայքը կտուգանվի 2072 դոլարի չափով: Հաջորդ փոփոխությունը երկրի Քրեական օրենսգրքում «Զրպարտություն» հոդվածի հավելումն է, որը նախատեսում է դրամական տուգանք կամ ուղղիչ աշխատանքներ` 1 տարով: Յանուկովիչը նաև մի իսկական հարձակում է սկսում այն ՀԿ-ների նկատմամբ, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից: Նոր օրենքով նման ՀԿ-ները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել պետությանը` ծախսած գումարների վերաբերյալ, նրանք պարտավոր են նաև եկամտային հարկ վճարել:
Նշենք, որ խստացված օրենքներին զուգահեռ երեկ Կաչանովյան ուղղիչ գաղութի հանձնաժողովը, ուր իր պատիժն է կրում երկրի նախկին վարչապետ, ընդդիմադիր Յուլիա Տիմոշենկոն, մերժել է վերջինիս` բանտային պայմանները բարելավելու մասին դիմումը: Ուկրաինայի ընդդիմությունը, ի պատասխան օրենդրական փոփոխությունների, պատրաստվում է նոր «ժողովրդական վեչե» հրավիրել այս կիրակի` Կիևի Անկախության հրապարակում: «Ուդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, ով ընդդիմության հավանական միասնական թեկնածուն է 2015-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններում, հայտարարել է, որ ընդդիմությունը նախազգուշական գործադուլ է նախապատրաստում: «Ես կգնամ շրջաններ` մարդկանց ոտքի հանելու համար», -ասել է Կլիչկոն:
Նշենք, որ Արևմուտքը խիստ քննադատության է ենթարկել Յանուկովիչի քայլերը: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է, թե Յանուկովիչի ընտրած ռեպրեսիաների ճանապարհը տանում է փակուղի: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, թե նման օրենքները հակասում են Ուկրաինայի միջազգային պարտավորություններին: Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն վստահեցրել է, որ նման «օդիոզ» օրենքների ընդունումը հետևանքներ կունենա ԵՄ-Ուկրաինա հարաբերություններում, իսկ Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Սարիուշ-Վոլսկին ասել է. «Դա լկտի փորձ է` վերակենդանացնելու բռնապետական տարրերը մի երկրում, որը դեռ հնարավորություններ ունի գնալու եվրաինտեգրացիայի ճանապարհով»: Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան, արձագանքելով հնչած հայտարարություններին, Արևմուտքին կոչ է արել չխառնվել Ուկրաինայի ներքին գործերին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ