Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսում չի քննարկվելու վարչակարգի փոփոխության հարց՝ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում երկու ժամ տևած ասուլիսում, որ ամփոփում էր ռուսական դիվանագիտության 2013 թվականը:
Համառոտ անդրադառնալով սիրիական հակամարտության կարգավորման հարցով ժնևյան բանակցություններին և Իրանի միջուկային ծրագրին, նախարարը անցել է Ռուսաստան-Եվրամիություն հարաբերություններին: «Մեր աներկբա գերակայություններից է մնում ՌԴ քաղաքացիների և արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների, ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը»,-ընդգծել է նա:
Նախարարին առաջադրված հարցերը մեծամասամբ վերաբերել են սիրական հակամարտությանը: Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հետ էր կանչել Իրանին ուղղված հրավերը: ՄԱԿ-ի ղեկավարի այդ քայլը Լավրովն անվանեց «սխալ», բայց «ոչ աղետ": Նա գտնում է, որ Թեհրանի բանակցություններին չմասնակցելու Պան Գի Մունի պատճառաբանությունը հիմնավոր չէ, այդ պատրվակով Ռուսաստանը ևս չպիտի մասնակցեր, որովհետև Մոսկվան վարչակարգ փոփոխության խնդիր չի տեսնում: «Իրանի բացակայությունը չի նպաստի իսլամական աշխարհի միասնականության ապահովման ջանքերին, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարին»,-գտնում է նա: «Բոլոր այն խաղացողները, որ իրական ազզդեցություն ունեն Սիրիայի իրավիճակի վրա, պետք է ներկայացված լինեն կոնֆերանսում»,- համոզված է նախարարը: Նա անդրադարձավ և կոնֆերանսում քննարկվելիք հարցերին, մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարին և ասաց, որ ՌԴ-ն առաջադրելու է հակամարտության կողմերի ուղիղ բանակցությունների հարցը: Նախարարը ճշտեց, որ Սիրիայում վարչակարգ փոփոխության խնդիր ռուս-ամերիկյան նախաձեռնությամբ նախատեսված չէ: Կոնֆերանսի նպատակը սիրիական կողմերի միջև ուղիղ բանակցություններ սկսելն է՝ հանուն ժնևյան կոմյունիկեի կատարման:
Լրագրողները բարձրացրել են և իրանական հարցը: Իրանը կատարել է ժնևյան բանակցություններում վեցնյակի հետ ձեռք բերված համաձայնության իր մասը: Լավրովը հույս ունի, որ ոչինչ չի խանգարի այդ համաձայնության իրականացմանը: Նա ասաց, որ Ռուսաստանն ու իր գործընկերները կշարունակեն տարածաշրջանի անվտանգությունն ապահովող որոշումների որոնումը:
Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ հարցին ՌԴ արտաքին գործերի նախարարը պատասխանեց. «Ցանկացած պետության, այդ թվում Ուկրաինայի, ներքին պրոբլեմները պետք է լուծվեն երկխոսության միջոցով, իրավական դաշտում, առանց դրսի միջամտության»: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Կիևում, վարքագծի եվրոպական բոլոր նորմերի խախտում է»,-ընդգծեց նա: