Թուրք Հաքան Օքթայի հայաստանյան լուսանկարներով համացանցը հեղեղված է: Այս մոլի ազգայնականը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Հայաստանում, հասցրել է լուսանկարվել Կաթողիկոսի, վարչապետի, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի և թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ, մեր եկեղեցիների ֆոնին հայտնի «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրել: Նկարներից երևում է հաղթածի ինքնագոհությունն ու լպիրշ արհամարհանքը մեր երկրի նկատմամբ: Դժվար է պատկերացնել, որ մեր ազգայնականները կկարողանային իրենց բավականաչափ ազատ զգալ Թուրքիայում` հայկական ինչ-որ խորհրդանշով նկարվելու համար:
Ռիչարդ Կիրակոսյանը երեկ կայքերից մեկին ասել է, որ տեղյակ չէր Օքթայի ով լինելու մասին: Կիրակոսյանը և Օքթայի հետ մյուս նկարվածները գուցե կարող էին և չիմանալ, թե պրոֆեսորի անվան տակ ինչ է թաքցնում նա Հայաստանում, քանի որ դա Ազգային անվտանգության ծառայության գործն է: Ընդդիմության հանրահավաքներին կարելի է ԱԱԾ մեծաթիվ աշխատակիցների տեսնել, ովքեր կասկածանքով սրա-նրա դեմքին են սևեռվում` կարծես երկրի թշնամի փնտրելով: ԱԱԾ-ն լավ տեղյակ է, թե հանրահավաքների պոտենցիալ մասնակիցներն ովքեր են, ինչով են զբաղված, ինչ քաղաքական ու քաղաքացիական հայացքներ ունեն: ԱԱԾ-ն այնքան է զբաղված երկրի բնակչությանը «սանրելով», որ, փաստորեն, մոռացել է իր իրական գործառույթների մասին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ