Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը Մադրիդում անցկացվող զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացման հետ կապված նոտա է հղել Իսպանիայի արտաքին գործերի նախարարությանը:
Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևի հաղորդմամբ, «նման պրովոկացիան խախտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը։ Ադրբեջանական կողմը շարունակում է նման պրովոկացիաների կանխմանն ուղղված իր գործունեությունը»:
Նշենք, որ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայտարարել էր, որ հունվարի 22-26-ը տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ Հայաստանը կներկայացնի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին: Հիմնադրամից հայտնել էին, որ նույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը:
Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Ջավիդ Քյազիմովը APA-ին հայտարարել է, որ եթե հայերը ներկայացնեն Լեռնային Ղարաբաղը, ապա կձեռնարկեն անհրաժեշտ գործողություններ:
Նշենք, որ Մադրիդի զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցում է 167 երկրի ավելի քան 10 հազար զբոսաշրջային ընկերություն: