Այս մասին Մայդանը որոշում է կայացրել ուշ երեկոյան: Երեկ «Ուդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում դիմել է ժողովրդավարական երկրներին` խնդրելով ուժեղացնել ճնշումը Յանուկովիչի վրա: Նրա կոչում տագնապ է հնչել: «Յանուկովիչը տեռոր է սկսել սեփական ժողովրդի դեմ` օգտագործելով բռնապետական ռեժիմների մեթոդներ: Ոստիկանությունը կոպիտ ուժ է գործադրում ցուցարարների նկատմամբ: Մարդիկ մեռնում են, հասարականան ակտիվիստները անհետ կորչում են, վիրավորներին առևանգում են հենց հիվանդանոցից» -ասել է Կլիչկոն: Կոչին հետևել են ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցները Յանուկովիչի հետ: Նրանք քննարկել են ստեղծված իրավիճակը: Մերկելը պահանջել է չեղյալ համարել դեկտեմբերի 16-ին ընդունված քաղաքացիական իրավունքները սահմանափակող օրենքները: Գերմանիայի կանցլերը դատապարտել է բռնությունները Կիևում և կոչ արել ընդդիմության հետ լուրջ բանակցությունների մեջ մտնել: Մերկելն ասել է, թե պետության պարտքն է պաշտպանել խոսքի և հավաքների ազատությունը:
Չնայած ընդդիմության ջանքերին՝ Յանուկովիչը չի ընդունել նրանց պահանջներից ոչ մեկը: Յանուկովիչը առաջարկել է բոլոր ազատազրկվածներին ազատ արձակել երեք օրվա ընթացքում: Հանդիպումից հետո ընդդիմությունը Մայդանում քվեարկության է դրել այս առաջարկը: Տասնյակ հազարավոր ցուցարարներ քվեարկությամբ որոշում են ընդունել դադարեցնել իշխանության հետ բանակցությունները և ընդլայնել Մայդանի տարածքը: «Մենք պատասխան ենք տալիս յուրաքանչյուրի կյանքի համար: Դիմում եմ յուրաքանչյուրին` բացառապես խաղաղ ցույց: Պահում ենք պաշտպանությունը, ոչ մի քայլ հետ: Բոլորին խնդրում եմ կարգապահություն ու պատասխանատվություն», -ասել է «Բատկիվշչինայից» Արսենի Յացենյուկը: Հետագա քայլերի մասին ընդդիմության առաջնորդները չեն խոսել:
Նշենք, որ երեկ Լվով, Ռովնո, Տերնոպոլ, Իվանո-Ֆրանկովսկ քաղաքներում տեղի բնակչությունը գրավել է քաղաքապետարանների շենքերը: Հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ևս մեկ ցուցարար: Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում բերկուտցիները մերկացրել և ծաղրանքի են ենթարկել ցուցարարին: Գերագույն ռադան արտահերթ նիստ կգումարի հունվարի 28-ին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ