«Ժողովուրդն է ընտրում առաջնորդներին, ոչ թե դուք», -գրել է «Բատկիվշչինայի» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը իր ֆեյսբուքյան էջում նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո: Եվրամայդանում նա ասել է, որ ընդդիմությունը պատրաստ է ընդունել Յանուկովիչի առաջարկը` ստանձնել կառավարության ղեկավարությունը միայն Մայդանի պահանջների կատարումից հետո: Բանակցությունները կշարունակվեն, քանի դեռ իշխանությունը չի կատարել Եվրամայդանի պահանջները:
«Յանուկովիչը մեզ հետ զրուցել է միայն այն պատճառով, որ դուք Մայդանում եք: Մենք միայն միջնորդներ ենք: Մեզ համար ավելի կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանքն ու ճակատագիրը»,- ասել է Յացենյուկը: Նա խոսքով, իշխանությունը համաձայնվել է ազատել բոլոր ազատազրկվածներին, սակայն հազարավոր մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցված և դրանք բոլորը պետք է փակվեն: Երկրորդ պահանջը համաներման մասին օրենքին է վերաբերում, որը նույնպես ընդունել է իշխանությունը: Երրորդը` դեկտեմբերի 16-ին ընդունված օրենքներն են, որոնք պետք է չեղյալ համարվեն և այդ պահանջից ընդդիմությունը հետ չի կանգնի «ոչ մի պայմանով»: «Չորրորդ` մեր խնդիրները. նոր ուկրաինական իշխանություն: Յանուկովիչը ընդդիմությանն առաջարկել է գլխավորել կառավարությունը: Ո՞րն է մեր պատասխանը: Պատրա՞ստ ենք մենք վերցնել այդ պատասխանատվությունը մեզ վրա: Մենք չենք վախենում երկրի ճակատագրի նկատմամբ պատասխանատվությունից: Մենք ընդունում ենք այն, բայց դա նշանակում է Ուկրաինայի շրջադարձ դեպի Եվրոպա: Մենք պատրաստ ենք Ուկրաինային տանել ԵՄ: Պատասխանատվություն, որը նաև նախատեսում է Յուլիա Տիմոշենկոյի ազատությունը»,-ասել է Յացենյուկը և հավելել, որ «ժողովուրդը պետք է ընդունի նոր սահմանադրություն»: Նշենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան հունվարի 28-ին արտահերթ նիստ է գումարելու, որը կարող է շատ բան փոխել երկրում:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ