Ֆրանսահայ համայնքը բողոքի ցույցերով ճանապարհեց նախագահ Ֆրանսուա Օլանդին Թուրքիա՝ երկօրյա պետական այցով: Ֆրանսիայի նախագահի մակարդակով սա առաջին այցն է Թուրքիա վերջին 22 տարիներին՝ 1992-ին Թուրքիա պետական այց էր կատարել Ֆրանսուա Միտերանը: Պատվիրակության կազմում են յոթ նախարարներ և չորս տասնյակ ֆրանսիացի գործարարներ:
Ֆրանսիայի նախագահը կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն ասել է, որ այցի ընթացքում քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Hurriyet Daily News-ն էլ տեղեկացնում է, որ Օլանդը հանդիպում կունենա նաև «Ակոս» թերթի նախկին խմբագրապետ, 2007 թվականին Ստամբուլում սպանված Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ:
Ֆրանսահայ համայնքը հանգստյան օրերին բողոքի ցույցերով է ճանապարհել նախագահ Օլանդին: Շաբաթ օրը ցույցեր են կայացել հայաշատ Լիոնում և Մարսելում, երեկ երեկոյան էլ Փարիզի Տրոկադերոյի հրապարակում էին հավաքվել հայկական համայնքի ներկայացուցիչները:
Ֆրանսիայի նախագահի այցը Թուրքիա մեծ անհանգստություն է պատճառում համայնքին, քանի որ Օլանդը կարծես թե անտեսում է հայկական պահանջները, նա իր համաձայնությունն է տվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերսկսմանը և մինչ այժմ ոչինչ չի արել ժխտողականության դեմ պայքարելու համար՝ այն, ինչ խոստացել էր ընտրապայքարի ժամանակ:
Ֆրանսահայերի ակցիաները նպատակ ունեին ցույց տալ, որ այսօրվա Թուրքիան պատրաստ չէ անդամակցել Եվրամիությանը, քանի որ այդ երկրում ժողովրդավարական սկզբունքներից նահանջ է կատարվում, բացի այդ՝ բանախոսները հիշեցրեցին Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական վերաբերմունքը, Հայաստանին պարտադրված շրջափակումը և ասացին, թե համայնքը սպասում է Ֆրանսուա Օլանդից, որ նա Թուրքիային հաղորդի ազատության, ժողովրդավարության և հանդուրժողականության ուղերձը, որում Հայոց ցեղասպանության հարցը չի լինի սքողված, Հայոց ցեղասպանության ճանաչումը կդարձվի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նախապայման:
Ցույցը Փարիզում տևեց մոտավորապես մեկևկես ժամ, և չնայած ցուրտ ու անձրևային եղանակին՝ կար շուրջ 300-400 հոգի, որոնց թվում՝ շատ երիտասարդներ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին Թուրքիայում դիմավորել են ԵՄ հարցերով նորանշանակ պետնախարար Մևլութ Չավուշօղլին և Անկարայի նահանգապետ Ալադին Յուքսելը։Օլանդն իրեն համազարկերով դիմավորող զինվորականներին ողջունել է թուրքերենով «բարև, զինվոր» ասելով։ Պաշտոնական արարողակարգին մասնակցել են Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, ԵՄ հարցերով նախարար Մևլութ Չավուշօղլուն, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարները, այլ պաշտոնյաներ։
Օլանդին ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Նրանց առանձնազրույցից և երկու պատվիրակությունների ընդլայնված հանդիպումից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիսը։
Ֆրանսիական մամուլն ընդգծել է, որ Օլանդի այցը համընկնում է Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամի և սկանդալների հետ։ «Չնայած ամենին՝ Օլանդը փորձելու է թուրք-ֆրանսիական 500-ամյա հարաբերություններին նոր թափ հաղորդել։ Այսօր մեկնարկելիք այցի առաջին օրվա օրակարգն Անկարայում հագեցած կլինի քաղաքական, իսկ երկրորդ օրը՝ Ստամբուլում տնտեսական հարցերով»,- գրում է պարբերականը։