Երեկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ. նա զգուշացրել է, որ արտակարգ դրության կամ անվտագության այլ կոշտ միջոցների դիմելը չի նպաստի իրավիճակի խաղաղ կարգավորմանը: Բայդենը կոչ է արել հեռացնել ոստիկանությանը Կիևի փողոցներից, նաև խորհուրդ տվել չեղյալ համարել հունվարի 16-ին ընդունված օրենքները` դրանք գնահատելով որպես հակաժողովրդավարական: Նա ասել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային այն դեպքում, եթե հարգվեն եվրոպական ապագայի հույս ունեցող քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը:
Երեկ ընդդիմություն-իշխանություն հանդիպման արդյունքում իշխանությունը համաձայնել է չեղյալ համարել հուվարի 16-ին ընդունված օրենքների մի մասը: Կընդունվի նաև համաներման մասին օրենքը, խորհրդարանի օրակարգում կդրվի կառավարության պատասխանատվության հարցը: «Բատկիվշչինայի» ղեկավար Արսենի Յացենյուկը հրաժարվել է ընդունել Յանուկովիչի առաջարկը` ստանձնել վարչապետի պաշտոնը, իսկ «Ուդարի» ղեկավար Վիտալի Կլիչկոն ասել է, թե իրեն չի տեսնում գործող կառավարությունում և հրաժարվում է փոխվարչապետի պաշտոնից:
Նշենք, որ երեկ Եվրահանձակատար Շտեֆան Ֆյուլեն անսպասելի մեկնել էր Կիև: Եվրահանձաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը անհանգստություն է հայտնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նա հայտարարել է, որ այս իրավիճակում լուծումը բացառապես քաղաքական է, և արտակարգ դրությունը կարող է ավելի բարդացնել այն: Էշթոնը այսօր կմեկնի Կիև, ուր Գերագույն ռադան կգումարի իր արտահերթ նիստը: Ուկրաինական իրադարձությունների զարգացումից ակնհայտ է, որ Յանուկովիչը փորձում է դուրս գալ իրավիճակից զիջումների գնով: Արևմուտքի կոշտ արձագանքները և ցուցարարների համառությունը կարող են վերջնականապես ծնկի բերել երկրի իշխանությանը: Երեկ Կանադայի խորհրդարանում քննարկվել է Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը, մասնավորապես նախագահ Յանուկովիչի և նրա շրջապատի նկատմամբ: Խոսվել է նաև նրանց բանկային հաշիվների սառեցման մասին, եթե նման հաշիվներ կան Կանադայում: Բացառված չէ, որ նման որոշում ընդունելու դեպքում Կանադայի օրինակին հետևեն այլ երկրների իշխանությունները:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ