Իրանի գործունեությունը միջուկային ոլորտում եղել է և շարունակում է խաղաղ մնալ՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հետ հանդիպման ընթացքում: «Իրանի միջուկային ծրագիրը որևէ շահ չի հետապնդում, որը դուրս է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի շրջանակից», -ասել է նա: Ռուհանիի խոսքով՝ եթե մյուս կողմը լուրջ կամք և վճռականություն դրսևորի, միջուկային ծրագրի հարցի շուրջ վերջնական համաձայնագիրը կարող է կնքվել ամենակարճ ժամկետում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Սիրիայի հարցը: Քոֆի Անանը նշել է, որ աշխարհը պետք է սիրիական ճգնաժամի կարգավորման քաղաքական ճանապարհ գտնի, և վերջ դրվի երկրում տեղի ունեցող սպանություններին: