Նախորդ տարեվերջից սկսած ուկրաիանական իրադարձությունները շարունակում են մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում և դարձել են ԶԼՄ-ների հիմնական քննարկման թեման:
«Արյունը Մայդանում. ի՞նչ կփոխի այն» հարցադրմամբ ռուսական ԶԼՄ-ներից մեկը դիմել էր տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որոնց տեսակետները, կարծում ենք, կհետաքրքրեն նաև հայ ընթերցողին: Այդ տեսակետներից ներկայացնում ենք համառոտ ծաղկաքաղ:
«Ուկրաինացիները զարմանալի խաղաղասեր մարդիկ են, և այն փաստը, որ զոհերը եղել են այդքան ուշ, նրանց ցույց է տալիս միայն դրական լույսի ներքո: Բայց անհնար է առանց որոշակի արդյունքների պայքարել ամիսներ շարունակ, և զոհեր չլինեն: Մարդկանց մահվան և արմատական բողոքի համար մեղավոր է իշխանությունը, որը նրանց չի ցանկացել լսել: Բողոքը կարող է ընդլայնվել»,- նշել է լրագրող Լեոնիդ Բերշիդսկին:
Գրող, հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչը կարծիք է հայտնել. «Առաջին զոհերի ի հայտ գալուց հետո փոխվեց իմ վերաբերմունքը ոչ թե Եվրամայդանի, այլ` Յանուկովիչի իշխանության նկատմամբ: Այն, ինչ հնարավոր էր կանխատեսել միայն, արդեն փաստ է: Գողը, փորձելով պաշտպանել իրեն, դառնում է մարդասպան»:
Գրականագետ Յուրի Վոլոդարսկին էլ, ի մասնավորի, նշել է. «Եվրամայդանի նկատմամբ վերաբերմունքը սկզբունքորեն չի փոխվել: Զանգվածային ժողովրդական բողոքը տալիս է վերջին շանսը` Ուկրաինային վերադարձնել ժողովրդավարական նորմերը և պահպանել իշխանության փոփոխման շանսը, որոնք կստեղծեն իրական նախադրյալներ և ոչ թե կլինեն բուտաֆորիա: Հեղափոխությունը լավագույն ելքը չէ պետական խնդիրների լուծման համար, բայց ներկա իշխանությունը հասկանում է միայն ուժի լեզուն, և խաղաղ մեթոդներով պայքարը հնարավորություն չի տալիս, որ նա հեռանա: Առջևում սպասվում է երկար ու աշխատատար պայքար, որի արդյունքները կանխատեսելը հեշտ չէ»:
«Որքան ուշադրությամբ եմ ես հետևում Ուկրաինային, այնքան հասկանում եմ մի բան. ես ոչինչ չգիտեի նրա մասին և ոչինչ չգիտեմ այժմ: Ես ոչինչ չեմ կարող մեկնաբանել, քանի որ ոչինչ չեմ հասկանում: Իսկ Մայդանի նկատմամբ իմ վերաբերմունքը չի փոխվել. այն ծայրաստիճան հետաքրքիր հետաքննության օբյեկտ է մարդաբանների, սոցիոլոգների, քաղաքագետների և կոնֆլիկտաբանների համար: Իսկ ես անպատրաստ դիտորդ եմ, որը կարող է միայն բղավել: Իմ բղավելը կաորղ է այժմ խոչընդոտել լավին և օգնել վատին: Այդ իսկ պատճառով ես հանգիստ և ուշադիր լռում եմ»,- ասել է իրավապաշտպան, լրագրող Օլգա Ռոմանովան:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ