Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի ռազմական ծախսերը 2012-ին կազմել են ՀՆԱ-ի 3.9%-ը, Ադրբեջանի ռազմական ծախսերը՝ 4.6%-ը, Վրաստանի ռազմական ծախսերը՝ 2.9%-ը: 2002-2008 թվականներին Հայաստանը սպառազինությունների վրա միջինը ծախսել է ՀՆԱ-ի 2.9%-ը, Ադրբեջանը՝ 2.7%-ը:
Հայաստանը ՀՆԱ-ի համեմատ ավելի շատ ռազմական ծախսեր է կատարել նաև 2009-ին և 2010-ին, համապատասխանաբար՝ 4.2% և 4.3%՝ Ադրբեջանի 3.3% և 2.8%-ի փոխարեն: 2011-ից Ադրբեջանն ավելացրել է ռազմական ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը մինչև 4.6%-4.7%-ով: Հայաստանի ցուցանիշն իջել է 3.9%-ի:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Հայաստանն իրականում ավելի շատ է ծախսում սպառազինությունների վրա՝ ցույց չտալով այդ ծախսերը: Ամեն դեպքում այս տարվա՝ 2014թ. Ադրբեջանի ռազմական ծախսերը, դրամական արտահայտությամբ, գերազանցում են 3.7 մլրդ դոլարը: Դա մոտ 700 մլն դոլարով ավելի է, քան 2014թ. Հայաստանի պետական բյուջեի ամբողջ ծախսային մասը: Դժվար է պնդել, թե ընդամենը 10 մլրդ դոլար ՀՆԱ ունեցող Հայաստանն ի վիճակի է բացարձակ թվով Ադրբեջանի չափ ռազմական ծախսեր կատարել (թեկուզև չերևացող): Եթե, իրոք այդպես է, ստացվում է, որ մեր երկրի տարեկան եկամտի 35-40%-ը ծախսվում է բանակի վրա:
Սպառազինությունների վրա ամենաշատը աշխարհում (ՀՆԱ-ի համեմատ) ծախսում են Հարավային Սուդանը (Աֆրիկա)՝ 9.4%, Օմանը (Մերձավոր Արևելք)՝ 8.6% և Սաուդյան Արաբիան (Մերձավոր Արևելք)՝ 8%: Այս երկրներից միայն Սաուդյան Արաբիան պատկառելի ՀՆԱ ունի (771 մլրդ դոլար), և ռազմական ծախսերը բացարձակ թվով նշանակալից են: ՀՆԱ-ի համեմատ ամենաշատ ծախսեր կատարող հաջորդ երկիրը Իսրայելն է՝ 5.7%, որի ՀՆԱ-ն երկուսուկես անգամ զիջում է Սաուդյան Արաբիայի ՀՆԱ-ին:
Աշխարհի ամենահզոր երկիրը՝ ԱՄՆ-ը, ևս շարունակում է ՀՆԱ-ի համեմատ մեծ ռազմական ծախսեր կատարել (4.2%): ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենամեծ ՀՆԱ-ն (16 տրիլիոն 244 մլրդ 600 միլիոն), ստացվում է, որ բացարձակ թվով ևս ամենաշատն է ծախսում սպառազինությունների վրա (ավելի քան 682 մլրդ դոլար): Չինաստանի ՀՆԱ-ն մոտ երկու անգամ պակաս է ԱՄՆ-ի ՀՆԱ-ից, ընդ որում՝ Չինաստանի ռազմական ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը ևս ցածր է՝ 2% (կամ 165 մլրդ դոլար. ԱՄՆ-ից ավելի քան 4 անգամ պակաս):
ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո բացարձակ թվով ամենաշատ գումար բանակի վրա ծախսում է Ռուսաստանը` մոտ 90 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 4.5%-ը: Նրան հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան և Գերմանիան (բոլոր 4 երկրների ցուցանիշը 60 մլրդ դոլարի շրջանակներում է): Ընդ որում՝ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ավելի փոքր ՀՆԱ ունեն ու այդ ՀՆԱ-ների՝ համեմատաբար մեծ մասն են ծախսում բանակի վրա (համապատասխանաբար՝ 2.5% և 2.3%): Մինչդեռ Ճապոնիան ու Գերմանիան, ունենալով շատ ավելի մեծ ՀՆԱ, դրա 1-1.3%-ն են ծախսում ռազմական նպատակներով: Թուրքիան ռազմական նպատակներով ծախսում է մոտ 18 մլրդ դոլար (կամ իր ՀՆԱ-ի 2.3%-ը)
Ընդհանրապես՝ Եվրամիության երկրները (բացառությամբ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի) աչքի են ընկնում ՀՆԱ-ի նկատմամբ փոքր (2%-ի չհասնող) ռազմական ծախսերով: Ավստրիան, Շվեյցարիան ու Հունգարիան, օրինակ, պաշտպանության համար ծախսում են ՀՆԱ-ի 0.8%-ը, Իսպանիան՝ 0.9%-ը, Լիտվան, Չեխիան, Բելգիան, Շվեդիան` 1-1.2%-ը, Իտալիան՝ 1.7%-ը: Աշխարհի խոշոր պետություններից Կանադան ու Ավստրալիան ևս իրենց ՀՆԱ-ների համեմատ քիչ (համապատասխանաբար՝ 1.2% և 1.7%) ռազմական ծախսեր են կատարում: