Ես չեմ ուզում քննարկել հայ-ռուսական միջպետական պայմանագրի կարևորության և ոչ կարևորության հարցը: Ես ուզում եմ հասկանալ մի բան. եթե մենք 49 տարով պայմանագիր ենք կնքել մի երկրի հետ, որը պարտավորվել է մեզ հետ, պաշտպանել մեր պետական սահմանները, ապա մեր չքնաղ ղեկավարությունը ինչո՞ւ չի կիրառում կամ կյանքի չի կոչում այդ պայմանագրի իրական կիրառումը:
Ռուսական բազան և նրա սահմանապահները տեղաբաշխված են հայ-թուրքական և հայ- իրանական սահմանին, վերջինս մեզ համար կա որպես բարեկամ երկիր, որտեղ այդ կարիքը չկա, իսկ ահա հայ-ադրբեջանական սահմանը ամբողջությամբ անտեսվում է։
Մեր դարավոր թշնամին ամեն օր խաղխում է մեր միջպետական սահմանը (որը, ըստ իս, պատերազմի առիթ է, բայց հասկանալի պատճառներից ելնելով մենք չենք գնում սրացումների, սա առանձին քննարկման թեմա է), իսկ այսպես կոչված միջազգային հանրությունը լռում է, ինչպես 1915 թ., և ոչ մի պատժիչ միջոց չի կիրառում:
Ես ամբողջությամբ և մանրամասն չգիտեմ այդ պայմանագրի մասին, բայց հաստատ գիտեմ, որ նրանք մեզ հետ հավասար պարտավոր են պաշտպանելու մեր սահմանները ցանկացած ոտնձգությունից և ցանկացած ոտնձիգից:
Այստեղից ենթադրություն. ինչպես միշտ, մեր ղեկավարները չեն հասկանում միջպետական պայմանագրի նշանակությունը և չեն կարողանում հասնել պայմանագրում նշված կետերի լիարժեք կատարմանը կամ… Մենք մեր կողմից ստանձնած պարտավորությունները կատարում ենք սրբորեն, իսկ ռուսական կողմը կատարում է, ոնց որ իրեն է ձեռնտու:
Հայաստանի ղեկավարությունը պարտավոր է պահանջելու, որպեսզի ռուսական սահմանապահները մեզ հետ պաշտպանեն հայ-ադրբեջանական սահմանը Տավուշի և Գեղարքունիքի մարզերում, համաձայն պայմանագրի: Եթե այս սահմանում լինեն ռուսական սահմանապահներ, իրավիճակը կտրուկ կփոխվի:
Կրկնում եմ. ես չեմ քննարկում պայմանագրի լավ կամ վատ լինելու հարցը, ես առաջարկում եմ, որ հայկական կողմը լիարժեք օգտվի այդ պայմանագրի հնարավորություններից:
60-ականներից անկախական՝ Ռազմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ