Ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկը և Վիտալի Կլիչկոն կմասնակցեն անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի 50-րդ կոնֆերանսին, որի շրջանակներում նախատեսվում է Վիտալի Կլիչկոյի ելույթը և նրանց հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և սենատոր Ջոն Մակքեյնի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի,Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկի, արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Կոնֆերանսում քննարկվելու են համաշխարհային քաղաքականության և եվրոպական անվտանգության ակտուալ հարցեր, այդ թվում իրավիճակն Ուկրաինայում: Քննարկումներին կմասնակցի և ուկրաինացի միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն:
Ջոն Քերին հնարավորություն կունենա առաջին անգամ հանդիպել ուկրանական ընդդիմության գլխավոր դեմքերի հետ, սպասվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն ուկրաինական ընդդիմության աջակցության միջոցները: Նախկինում ընդդիմադիրների հետ Ջոն Քերին հեռախոսազրույցներ է ունեցել՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակիի խոսքով՝ «ընդգծելով միանշանակ աջակցությունը Ուկրաինայի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին դեպի Եվրոպայի հետ ասոցացում, ողջունել է ընդդիմադիր առաջորդների բռնության դեմ հայտարարությունները, նրանց համարձակ աշխատանքը ի պաշտպանության ժողովրդավարության, առաջընթացի և խաղաղ կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը»:
Քաղաքական կրքերը Ուկրաինայում մի քիչ հանդարտվել են, բայց իրավիճակը մնում է լարված: Փողոցային բողոքների մասնակիցների համաներման մասին օրենքը ընդունվեց, բայց ընդդիմությունը մտադիր չէ երկխոսության գնալ իշխանության հետ և ծրագրում է շարունակել ընդդիմադիր ակցիաները: