Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, ռուսական «Մայդանի հետ համերաշխության կոմիտեի» անդամ, տնտեսագետ Անդրեյ Իլարիոնովը հայտարարել է, թե ՌԴ ղեկավարությունը Ուկրաինայի նկատմամբ վերահսկողության ծրագիր է մշակում և մոտակա ժամանակում կսկսի ուժեղացնել ճնշումը Կիևի վրա:
Իլարիոնովի խոսքով Ռուսաստանը «թարմացրել է առևտրային և տեղեկատվական պատերազմը Ուկրաինայի դեմ»: «Ուկրաինայով ապրանքների տեղափոխման ուշացում է նկատվում մինչև 10-15 օր, իսկ ռուսական բոլոր հեռուստաալիքներով ամեն օր տոննաներով քարոզչական նյութեր են հեռաձակվում այն մասին, որ Ուկրաինայում պետական հեղաշրջում է իրականացվում, որից հետո իշխանության կգան ֆաշիստներն ու նեոնացիստները: Այդ հեղաշրջման նպատակը, այստեղ բառացի մեջբերում եմ, «ռուսական բնակչության ցեղասպանությունն է և ոչնչացումը»»,- ասել է Իլարիոնովը: Պուտինի էքս-խորհրրդականի խոսքով այս ամենին զուգահեռ ՌԴ-ն մեծացնում է իր ներկայությունը Ուկրաինայում, մասնավորապես Ղրիմում`Լուգանսկի շրջանում:
Իլարիոնովն ասել է, թե Դոնի կազակները «թափանցել են Լուգանսկի շրջան, որպեսզի պաշտպանեն ռուս բնակչությանը», իսկ «Գիշերային գայլեր» և «Վոլգոգրադի կազակներ» բայքեր-ակումբներն իրենց անդամներին ուղարկել են Սևաստոպոլ` քաղաքի պաշտպանության համար: «Այս ամենը զանգվածային, լավ պատրաստված արշավի տպավորություն է ստեղծում, որը դեռ նոր է սկսվում և կսաստկանա մոտակա 7-10 օրերի ընթացքում»,-ասել է նա:
Իլարիոնովը համաձայն չէ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, թե Ռուսաստանի ակտիվ միջամտությունը Ուկրաինայի գործերին կսկսվի օլիմպիադայից հետո: Նա ասել է, որ այդ ամենը տեղի կունենա հենց օլիմպիադայի բացումից անմիջապես հետո: