Մերձավորարևելյան քառյակը՝ ԵՄ, ՄԱԿ, ՌԴ, ԱՄՆ, կշարունակի աջակցել պաղեստինա-իսրայելական բանակցությունների շարունակմանը և հաջող ավարտին՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Բրյուսելում՝ քառյակի մյունխենյան հանդիպման արդյունքներով: Քառյակի հանդիպմանը մասնակցել են քառյակի հատուկ ներկայացուցիչ Թոնի Բլերը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Էշթոնը նշել է, որ քառյակի բոլոր անդամները այս կարևոր գործի աջակիցներն են և ամեն ինչ անում են հաջող զարգացման համար: «Հանդիպումը վկայեց, որ հսկայական ջանքեր են ներդրվում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և նրա թիմը փորձում են մտերմացնել իսրայելցիներին ու պաղեստինցիներին՝ երկար սպասված համաձայնության հասնելու նպատակով: Մենք երախտապարտ ենք Իսրայելի արդարադատության նախարար Ցիպի Լիվնիին և Սաեբ Երեկատին իրենց կատարած աշխատանքի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբասին՝ բանակցային գործընթացին կողմնակից լինելու համար»,- ասել է Էշթոնը: «Կարևոր է, որ բանակցային գործընթացին մեծապես աջակցում է միջազգային հանրությունը: Մենք կշարունակենք հետագայում ևս աշխատել միասին՝ մեր աջակցությունը ցուցաբերելով պաղեստինաիսրայելական բանակցությունների առաջընթացին»,- հավաստել է ԵՄ ներկայացուցիչը: