Ըստ «Արմենպրես» գործակալության՝ Երևանի մի շարք գրախանութներում անցկացրած հարցումների՝ մանկական գրականությունից ամենամեծ պահանջարկը վայելում են հանրագիտարանները: Դրանցից են «ՎԷՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գրքերը: Այդ գրքերից ամենաշատ վաճառվածներն են «Բառեր», «Գույներ», «Թվեր» մասերը: Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»: Իսկ «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան և արջը. առաջին հանդիպումը» հեքիաթը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Չորրորդ տեղում է «Երեք խոզուկ, գունավորիր ջրով» մանկական հեքիաթը, հինգերորդում՝ Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները»: