Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների, եթե երկրում քաղաքական ճգնաժամի լուծման միակ ժողովրդավարական միջոցը դա մնա: Այս մասին ասել է ՈՒկրաինայի Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն: Նրա խոսքով, հարցի լուծման ուժային միջոց չի քննարկվում, ինչպես նաև խոսք չկա արտակարգ դրություն հայտարարելու մասին: Յանուկովիչն ասել է. «Մենք ունենք բոլոր հնարավորությունները ուժի միջոցով ազատել վարչական շենքերը և նույնիսկ ազատել Մայդանը»,- սակայն հավելել է. «Ես դրան երբեք չեմ գնա»: Միրոշնիչենկոյի փոխանցմամբ, Յանուկովիչը նշել է. «Եթե մենք` քաղաքական գործիչներս, չկարողանանք համաձայնության գալ, ուրեմն իրավիճակի լուծման միակ ժողովրդավարական միջոցը կմնան արտահերթ ընտրություները»:
Գուցե կարելի էր հավատալ Յանուկովիչի` Միրոշնիչենկոյի շուրթերով փոխանցված բարի կամքի արտահայտություններին, եթե չլիներ վերջինիս` ընդդիմությանն ուղղված քննադատությունն ու ինչ որ առումով` սպառնալիքը: Նա այսօր ընդդիմադիր ակտիվիստներին անվանել է ծայրահեղականներ: «Անհրաժեշտ է «ոչ» ասել ծայրահեղականությանը, ռադիկալիզմին և թշնամանքի տարածմանը հասրակության մեջ, որի հիմքում ընկած է իշխանության համար պայքարը: Վանդալիզմը, որը մենք տեսնում ենք վարչական շենքերի գրավման ժամանակ և կոչերը, որոնք հնչում են, հիշեցնում են այն հին վաղեմի պատմության դասերը: Մենք չէինք ցանկանա, որ Աստված մի արասցե, երբևէ այն կրկնվի»:
Նշենք, որ անցած կիրակի նոր մեծ հանրահավաք էր տեղի ունեցել Կիևի Մայդանում և մասնակիցները պահանջել էին նախագահի հրաժարականը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ