Եվրոպան պատրաստ է աջակցել ավտորիտար վարչակարգով պետություններում բողոքի ակցիաներին, մասնավորապես՝ Ուկրաինայում: Բայց եթե նույնիսկ ընդդիմությունը գա իշխանության, հազիվ թե արագ փոփոխություններ լինեն: «Հեղափոխական տրամադրություններ» հրապարակման մեջ (տպագրված հունվարի 30-ին Die Welt թերթում) մեկնաբան Ժակ Շուստերը գրել է. «Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին անտանելի համարելու շատ պատճառներ կան: Նրա կառավարությունը անբարո տխմարների և ժպտուն ստրուկների ապաստարան է, որոնց գլխավորը նման է պոկեր խաղացողի: Նրա մտրակի տակ տնտեսության մեջ իշխող կոռուպցիան, հովանավորչությունը, կաշառքներն ու դաժանությունը, որ շատ արագ կարող է փոխարկվել այլախոհության դեմ բռնության, անհավնական մասշտաբներ են ընդունում: Պատահական չէ, որ Transparency International-ը իր վարկանիշում (կոռուպցիայի ընկալումը) Ուկրաինան տեղակայել է 144-րդ տեղում՝ ցուցակի վերջում՝ Բիրմայի, Աֆղանստանի, Սոմալիի կողքին: Յանուկովիչն է պատասխանատու, որ սկզբում խաղաղ բողոքները վերածվեցին Մայդանի, հետո ավելի ու ավելի ուժեղացան և սկսվեցին փողոցային մարտեր, որ այսօր սպառնում են քաղաքացիական պատերազմի վերաճել: Այն տպավորոթյունն է, որ երկրի արևմտյան մասում զանգվածները բարիկադները կլքեն միայն մեկ դեպքում՝ եթե Յանուկովիչը և իր կուսակցությունը մեկընդմիշտ անհետանան:
Եվրոպան և Ամերիկան այդ փոփոխություններին բարեհաճ են վերաբերվում: Համենայն դեպս նշանավոր «արաբական գարունից» հետո եվրոպացիներն ու ամերիկացիները հեղափոխական տրամադրություն ունեն: Նույնիսկ փողոցային փոքրիկ խարույկը, որի շուրջ տաքանում են սառած ցուցարարները, ընկալվում է իբրև ազատության ջահ: Վաշինգտոնից Բոստոն, Վարշավայից Բեռլին քչերին է հետաքրքրում, որ ուկրաինական ընդդիմությունը միասնական շարժում չէ, որ կազմված է անթիվ խմբերից, այդ թվում՝ ագրեսիվ ազգայնականներից: Նույնիսկ եթե ընդդիմությունը կազմված լիներ բացարձակ ինտելիգենտ մարդկանցից, ինչպես Լև Կոպելևը, Անդրեյ Սախարովը ու Սվետլանա Ալեքսիևիչը, չի կարելի ժխտել այն փաստը, որ Յանուկովիչը 2010 թ. փետրվարին նախագահական պալատ է մտել ազատ ընտրությունների արդյունքում՝ մասնակիցների 48,8 տոկոսը նրան ձայն են տվել: Ոչ Վաշինգտոնը, ոչ Լոնդոնը, ոչ Փարիզը, ոչ Բրյուսելը այն ժամանակ ընտրության արդյունքները չեն վիճարկել:
1991 թ. անկախանալուց հետո Ուկրաինան զարգացման երկու փուլ է ապրել: Առաջինը վերելքի ժամանակ էր, թարմ քամին և երկիրը նորացնելու համընդհանուր ցանկությունը տևեց մինչև 2001 թ.: Հետևեց նահանջը և լճացումը՝ անցնում էին շաբաթներ, ամիսներ, տարիներ, իսկ բարեփոխումները ավարտին չէին հասցվում: Այդ վիճակում է Ուկրաինան մինչև հիմա: Հենց Լեոնիդ Կուչման, տիպիկ սովետական պաշտոնյա, թույլ տվեց ամենատարբեր ոլորտներում բարեփոխումներ անցկացնել: Տնտեսական աճը այդ պահին տարեկան ՀՆԱ-ի յոթ տոկոսն էր կազմում, և դա վկայում է, որ Կուչմայի ջանքերն ապարդյուն չէին: Հետո սկսվեցին լճացման տարիներ, երբ կառավարությունը հանգստանում էր ու վայելում անլեգալ ֆինանսական հոսքերը, որ ստանում էր օլիգարխներից: Ժամանակ առ ժամանակ նրանք այս ու այն տեղ մի քանի պտուտակ էին ձգում, բայց պետության ու տնտեսության մեջ սկված բարեփոխումները կորցրել էին իրենց ուժը: Դրա պատասխանատվությունը կրում են կառավարությունն ու ընդդիմությունը: Նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն և նրա վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ոչինչ չարեցին անկումը կասեցնելու համար: Քիչ հիմքեր կան մտածելու, որ նրանց ներկա հետևորդները ուղղվել ու մաքրվել են: Բայց նույնիսկ եթե այդպես է, նույնիսկ եթե նրանք կարողանան հաղթել ընտրոթյուններում, նրանք պիտի փրկեն երկիրը սպառնացող սնանկացումից կոշտ քաղաքականության և ցավոտ բարեփոխումների միջոցով: Միայն այդպես երկիրը կարող է ԱՄՀ-ից վարկ ստանալ: Այդպիսի քաղաքականությամբ երկիրը պիտի անցնի արցունքների հովտով և, հնարավոր է, որ Եվրոպայի նկատմամբ անանց սերը արագ անցնի: Իսկ դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նոր անկարգությունների: Եվրոպացիները այդ ռիսկը պիտի հաշվի առնեն»: