Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պուտինի դոլարները կեղտոտ են, ինչպես Սոչիի հյուրանոցների ժանգաջուրը

Պուտինի դոլարները կեղտոտ են, ինչպես Սոչիի հյուրանոցների ժանգաջուրը
07.02.2014 | 21:12

Սոչիի օլիմպիական խաղերի մեկնարկին բրիտանացիները յուրօրինակ նվեր են մատուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Բրիտանական ԶԼՄ-ները հրապարակել են Պուտինի ենթադրյալ կարողության իրական չափը: «The Sunday Times» բրիտանական թերթի տվյալներով՝ Պուտինը միանշանակ համարվում է ամենահարուստ մարդը աշխարհում` նրա բիզնես կայսրությունը գնահատվում է 130 մլրդ դոլար: Դա գրեթե երկու անգամ ավել է պաշտոնապես ամենահարուստ մարդ ճանաչված Կարլոս Սլիմի կարողությունից: Պարբերականը նշում է, իշխանության մեջ գտնվելու ընթացքում Պուտինը բավականին հաջող համատեղել է քաղաքականությունն ու սեփական հետաքրքրությունները, իսկ նրա ձեռնարկությունների ղեկավարմամբ զբաղվում են միայն մոտ հարազատներն ու ընկերները: Բավականին նրբանկատորեն, կարծես թե հենց այնպես` իմիջիայլոց, նշվում է, որ Ռուսաստանը կրկին ղեկավարելու Պուտինի ձգտումը պայմանավորված է, առաջին հերթին, սեփական բիզնես-կայսրության ամբողջականությունը պահպանելու մղումով: Պարբերականին հայտնի չեն, թե Պուտինն ինչ ձեռնարկություններ է վերահսկում, սակայն նշվում է, որ նրան են պատկանում «Գազպրոմի» ակցիաների 4,5 տոկոսը և ռուսական գազի ամենամեծ արտահանող «Գունվոր» ընկերության ակցիաների ոչ պակաս 50 տոկոսը: Պուտինի կարողության մասին հրապարակումը հիշեցրեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրի թալանի մասին: Տասը տարի նախագահելով՝ վերջինս, ըստ որոշ աղբյուրների, կուտակել է 4 մլրդ դոլարի կարողություն: Չորս միլիարդ` 29,8 հազար քառ. կմ տարածք ունեցող փոքրիկ Հայաստանից, որն առանձնապես հարուստ չէ բնական պաշարներով, հսկա գործարաններ չունի, չունի գազ, նավթ, ոսկու պաշարներ, ադամանդ և այլն: Քոչարյանն էլ է, ի դեպ, ուզում վերադառնալ: Պուտինին նմանակող ՀՀ երկրորդ նախագահն արդեն «հոտոտում» է քաղաքական դաշտը՝ հասարակության նախատրամադրվածությունը յուր անձի հանդեպ հստակեցնելու համար: Նկատենք, որ եթե Քոչարյանն իր կարողությունը կրկնապատկելու ախորժակ ունի, ապա Հայաստանում թալանելու բան գրեթե չի մնացել: Վերադառնալով Պուտինի 130 մլրդ-ին հավելենք, որ օլիմպիական Սոչիում իրականացված կիսատ-պռատ շինարարության, անկազմակերպ սպասարկման, հյուրանոցներում թափառող փողոցային շների, կիսակառույց հյուրանոցների ծորակներից հոսող ժանգաջրի ֆոնին պուտինյան դոլարները պարզապես քամահրանք են առաջացնում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ