«Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ցանկանում զիջումների գնալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ավելի քան 20 տարվա գործունեությունը, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ, նույնպես բանի պետք չէ», -ըստ Apa.az-ի, ասել է ռազմա-քաղաքական փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Վերջինիս կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հարավային Կովկասում անհրաժեշտ է ստեղծել անվտանգության համակարգ: «Կարծում եմ, այդ համակարգը չպետք է լինի բլոկների տեսքով: Անվտանգության համակարգը, որը կստեղծվի Հարավային Կովկասում, սկզբում պետք է ձևավորեն երեք երկրները` Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը: Այդ երկրները տարածաշրջանի երկրներին պետք է առաջարկեն պատերազմը բացառող մի քանի ձևաչափ: Սկզբունքորեն դա հնարավոր է: Չնայած նրան, որ երկրների միջև, որոնք կարող են ձևավորել Հարավային Կովկասում անվտանգության համակարգ, առկա է որոշ անհամաձայնություն (օրինակ, Թուրքիայի և Իրանի միջև` սիրիական հարցի հետ կապված), միայն այդ երկրները կարող են կանխել պատերազմը Լեռնային Ղարաբաղում: Հակառակ դեպքում պատերազմն այդ տարածաշրջանում կարող է անխուսափելի դառնալ», -ասել է Եվսեևը: