Եվրամիության 13 երկրներ մշակել են Արևելյան գործընկերության անդամ 6 հետխորհրդային երկրների հետ գործակցությունը շարունակելու նոր «Եվրոպական փաթեթի» նախագիծ: Ըստ նախագծի, որին հավանության են տվել Մեծ Բրիտանիան ու Գերմանիան, Արևելյան գործընկերության երկրներին նախատեսվում է առաջարկել ավելի լայն գործակցություն, քան առաջարկվում էր Ասոցացման համաձայնագրով: Փաթեթում կան տեղաշարժին, վիզաներին, ուսանողների փոխանակմանը, Եվրոպական միության համայնքային ծրագրերում և գործակալությունների աշխատանքում Արևելյան գործընկերության երկրների ավելի մեծ ներգրավմանը վերաբերող դրույթներ։ Նոր փաթեթով նշվում է նաև, որ Եվրամիությունը ավելացնելու է դերակատարությունը երկարատև հակամարտությունների կարգավորման հարցում: Նաև խոսք կա Ռուսաստանի հետ բաց, ազնիվ երկխոսություն վարելու մասին, միանշանակ շեշտելով, որ անընդունելի է համարվելու Ռուսաստանի ճնշումը ԱԳ անդամ երկրների վրա: Եվրամիությունը նախատեսում է հետազոտել ու ներկայացնել հանրությանն արդյունքները, որպեսզի մարդիկ կարողանան համեմատել Եվրամիությունն ու Մաքսային միությունը, չենթարկվեն քարոզչական անհիմն շահարկման, թե իբր Եվրամիության Ասոցացման պայմանագրին միանալու դեպքում երկրները կորուստներ կունենան: