«Հուրիեթին» հայտնի են դարձել վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Բեռլին կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման մանրամասները։ Նրանք խոսել են Հայոց ցեղասպանությունից, ինչը լարվածության պատճառ է դարձել։ Թեման բացել է հենց Էրդողանը։ «1915-ի դեպքերի 100-ամյակի կապակցությամբ ձեր երկրի բյուջեն գումարներ է հատկացնելու։ Այդ հարցին ավելի ըմբռնումով մոտեցեք։ Ձեր խմբին պետք է զգուշացնեք այդ հատկացումների մասին»,- ասել է նա։ Մերկելին զայրացրել է կշտամբանքը և նա խոսել է Հայաստանում ապրող ու ողջ աշխարհում ցրված հայերի մասին։ «Գերմանիան ժողովրդավարական երկիր է, մի միջամտեք։ Թուրքիան պետք է առերեսվի պատմությանը։ Հայաստանի հայերը շատ դժվար իրավիճակում են։ Թուրքիան պետք է բացի սահմանը»,-ասել է նա։ Էրդողանն արձագանքել է. «Այսինքն՝ մեզ ասում եք, որ ընդունենք՝ ինչ չե՞նք արել։ Մենք բացել ենք մեր բոլոր արխիվները։ Ողջ աշխարհին կոչ արեցինք, որ գան ուսումնասիրեն, սակայն ոչ ոք չեկավ։ Թուրքիայի հանդեպ անարդար մի եղեք»։