Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Բարաք Օբաման հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Տասը տարի առաջ քչերն էին հավատում, որ մեր երկրները սերտորեն կհամագործակցեն մի շարք ոլորտներում: Երկու պետությունները որոշումներ են ընդունում, որոնք հիմնված են ազգային շահերի վրա, սակայն այդ շահերը շատ մոտ են իրար: Ֆրանսիայի՝ ՆԱՏՕ-ի միավորված հրամանատարության շարքերը վերադառնալուց հետո համագործակցությունն ընդլայնվեց բոլոր ոլորտներում: Մեկ երկիրն ունակ չէ հաղթահարելու միջազգային մարտահրավերները, անհրաժեշտ է համատեղել բազմաթիվ պետությունների ջանքերը, որոնք պատրաստ կլինեն նախաձեռնություն ցուցաբերել, ստանձնել աշխարհում խաղաղության և անվտանգության պատասխանատվությունը, մարդու ազատությունների և իրավունքների ապահովումը»,- նշում են Օլանդը և Օբաման: Հայտարարությունում նաև ասվում է, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի փոխգործակցությունը «միջազգային համագործակցության մոդել» է։ Նրանց խոսքով, Սիրիայի նկատմամբ ուժ գործադրելու սպառնալիքը հանգեցրեց սիրիական քիմիական զենքի ոչնչացման պլանի մշակմանը, նաև մեծապես նպաստեց Իրանի միջուկային խնդրի կարգավորմանը: Ասվում է նաև, որ ֆրանսիացի և ամերիկացի դիվանագետները պատրաստվում են Իրանի հետ բանակցությունների՝ միջուկային ծրագրի առնչությամբ։