ՈՒկրաինայի նախագահի կողմից երկրի խորհրդարանը լուծարելու դեպքում շատ պատգամավորներ կհայտնվեն բանտում: Այս մասին հայտարարել է «ՈՒդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն` «5» հեռուստաալիքի եթերում: Նա ասել է, թե նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմը ճնշում է պատգամավորներին, այդ թվում` իրեն, ճգնաժամի հաղթահարման բանակցությունները աշխուժացնելու համար: Կլիչկոն հայտարարել է, թե հնչել են նաև ազատազրկման սպառնալիքներ խորհրդարանի լուծարման պարագայում:
Ընդդիմադիր գործչի խոսքով` նախագահի ներկայացուցիչները խոսակցությունների ժամանակ ընդդիմության առաջնորդներին ասել են. «Տղաներ, եթե մենք հիմա համաձայնության չգանք, նախագահը կլուծարի խորհրդարանը»: Կլիչկոն նաև ընդգծել է, թե իշխանության ներկայացուցիչները պատգամավորներին զգուշացրել են, որ խորհրդարանի լուծարումից հետո նրանք կզրկվեն պատգամավորական անձեռնմխելիությունից և կարող են հայտնվել բանտում: Հարցին, թե ընդդիմադիրներին սպառնացողների թվում եղե՞լ են նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը և նրա առաջին տեղակալ Անդրեյ Պորտնովը, Կլիչկոն պատասխանել է. «Այդ մարդիկ` նույնպես»: