Ստրասբուրգում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ Միլան Քաբռնոխը հայտարարություն է արել: ԵՄ ներկայացուցիչը նշում է, որ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հանդիպման հիմնական թեման եղել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակը և ապագա ուղղությունները որոշելը: ԵՄ պատվիրակության համար ամենակարևոր առաջնահերթությունը հենց սա էր, հատկապես Մաքսային միությանը միանալու մասին Երևանի` սեպտեմբերի 3-ի անսպասելի հայտարարությունից հետո:
Հայտարարությունում նշվում է, թե Եվրամիությանը ոգևորում է այն փաստը, որ թե եվրոպացի, թե հայաստանցի խորհրդարանականները համաձայնել են վերանայել 1999 թվականին հաստատված, հնացած, բայց գործող ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության պայմանագիրը: Փաստորեն, ԵՄ-ն մատնանշում է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները նահանջ են ապրել դեպի 15 տարի առաջ ընդունված համագործակցության ձևաչափ:
Եվրոպական պատվիրակությունը ափսոսանք է հայտնում, որ թեև նիստին առաջնահերթ հարցերի շուրջ ընդհանուր մոտեցում կար, այդուամենայնիվ, տարբեր ու կապ չունեցող որոշ խնդիրներ ստվերեցին և թույլ չտվեցին համատեղ հայտարարության ընդունումը: Այդուհանդերձ, եվրոպացի օրենսդիրները պարտավորվում են շարունակել համագործակցությունը այն ոլորտներում, որոնք չեն բացառվի Հայաստանի կողմից` Մաքսային միությանը և Եվրասիական միությանը մասնակցելու պատճառով: