Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ Միացյալ Թագավորության քաղաքականության վերաբերյալ կարճատև քննարկում է տեղի ունեցել: Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ քննարկումը նախաձեռնել է պատգամավոր Սթիվեն Փաունդը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարկ Սիմոնսը ելույթում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է խոչընդոտել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի զարգացմանը, և դառնում է պատճառ՝ ողջ Հարավային Կովկասում անկայունության համար: Նա ընդգծել է, թե այդ հակամարտությունը սառեցված համարելը մոլորություն է: «Մեծ Բրիտանիան անհանգստացած է շփման գծում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի խախտումներով»,- ասել է նա՝ ընդգծելով. «Որքան մեծ լինեն կորուստները, այդքան դժվար կլինի հակամարտության լուծման հասնելը»: Մարկ Սիմոնսը հավելել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Բրիտանացի պաշտոնյան կողմերին կոչ է արել չտրվել սադրանքներին: «Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է անել հնարավորը՝ հակամարտության խաղաղ լուծումը գտնելու համար: Բրիտանիան աջակցելու է Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերելու հարցում: Մենք կկրկնապատկենք ջանքերը խաղաղ կարգավորման համար՝ հիմնված ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա»,- ասել է նա:
Մարկ Սիմոնսն ասել է, որ Մեծ Բրիտանիան, որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շարունակելու է այդ հակամարտության լուծման ուղղությամբ ջանքերը: