Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ վերջին երեք շաբաթներին երկրում ամեն օր 200-ից ավելի մարդ է զոհվել: Ե՛վ կառավարական ուժերը, և՛ ապստամբները փորձում են մեծացնել իրենց կողմից վերահսկվող տարածքները` ուժեղացնելու համար իրենց դիրքերը Ժնևի խաղաղ բանակցություններում: ԱՄՆ-ի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Ջեյմս Կլեպերը Սիրիայի իրավիճակը անվանել է «ապոկալիպսյան աղետ»:
ԱՄՆ-ի Սենատում ելույթ ունենալով՝ նա հիշեցրել է, որ Սիրիայի պատերազմի հետևանքով մինչև հիմա զոհվել է 134 հազար մարդ, իսկ 10 մլն-ից ավելին փախստական է դարձել: Կլեպերի խոսքով՝ Սիրիայից դուրս բերվող կտտանքների ենթարկված գերիների գաղտնի լուսանկարները իրական են ու ոչ մի պատճառ չկա դրանում կասկածելու: Կլեպերն ասել է, որ դրանք սարսափելի են և դժվար է պատկերացնել, որ կարող են կեղծ լինել: Կլեպերը հայտարարել է, թե ամերիկյան հետախուզական ծառայությունները շատ բան չեն սպասում Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ժնևյան բանակցություններից: