Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է դեսպանին և Իրանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության 35-րդ տարեդարձի առթիվ և մաղթել հաջողություններ: «Այս հանդիպումները ծառայում են մեր երկու ժողովուրդների բարեկամության ընդլայնմանը, և մենք պարտավոր ենք հետևողականորեն իրականացնել տնտեսական համագործակցության համատեղ ծրագրերը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Դեսպան Ռեիսին նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, և Իրանը պատրաստ է ընդլայնել երկկողմ ու բազմակողմ գործակցությունը տարբեր՝ հատկապես էներգետիկայի ու տարանցիկ փոխադրումների ոլորտներում:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական առևտրատնտեսական կապերի օրակարգին (էներգետիկա, զբոսաշրջություն, ենթակառուցվածքների զարգացում) առնչվող հարցերի լայն շրջանակ: Արծարծվել են Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման, նախագծային փուլում գտնվող՝ Հայաստան-Իրան երկաթգծի և Իրան-Հայաստան նավթատարի շինարարության ծրագրերին վերաբերող մանրամասներ: Վարչապետը նշել է, որ այս ծրագրերը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են և կգործադրվեն բոլոր ջանքերը իրագործման համար: Նշվել է նաև, որ ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարի Թեհրանում, որն էլ հնարավորություն կտա քննարկել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության ընդլայնման ուղղությունները: Երկուստեք կարևորվել են բարձր մակարդակով պաշտոնական փոխայցերը: Պարոն Ռեիսին վարչապետին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և Իրան այցելելու հրավերը: