Ռուսաստանի միգրացիոն օրենքը չի խստացվել, անգամ դյուրացվել է, պարզապես գործընթացը կանոնակարգվել է՝ համոզված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան։
Նա հորդորում է չանհանգստանալ և համարում է, որ առանց աշխատանքային պայմանագրի երեք ամսից ավելի հնարավոր է օրինական գտնվել Ռուսաստանում, եթե օտարերկրյա քաղաքացին արտոնագիր ձեռք բերի՝ մեկ ամսվա համար վճարելով 1000 ռուսական ռուբլի (մոտ 12 հազար դրամ)։
«Եթե վճարես և միգրացիոն ծառայությունում հաշվառման կանգնես, կարող ես դուրս չգալ երկրից։ 1000 ռուբլին միլիոն չէ, և բոլորը լավ հասկանում են, որ դա կարելի է հեշտությամբ անել։ Գնում ես միգրացիոն ծառայություն ու հանձնում փաստաթղթերդ։ Տասն օրվա ընթացքում քեզ արտոնագիր է տրամադրվում։ Յուրաքանչյուր ամիս կարելի է որևէ բանկում վճարել այդ հազար ռուբլին և հանգիստ գտնվել երկրում»,- պարզաբանել է դեսպանատան ներկայացուցիչը։
Նոր կարգից չեն կարող օգտվել նրանք, ովքեր այսօր գտնվում են Ռուսաստանում և արդեն իսկ խախտել են օրենքը՝ չունենալով բնակվելու կամ աշխատելու իրավունք, այնտեղ են երեք ամսից ավելի։ Հայաստանցիները այս խմբում մոտ 170 հազար են:
«Նրանցից ոմանք անօրինական աշխատում են, ոմանք ուղղակի ապրում են, ոմանք էլ չգիտենք՝ ինչով են զբաղվում, բայց մեր տվյալների բազայում գրանցված են և եթե դուրս գան Ռուսաստանից, նրանց մուտքը կարգելվի»,- ասել է Ստեպանովան՝ շարունակելով.- «Այս քաղաքացիների մուտքը կարգելվի երեք տարով»։
Արգելքը գործում է, երբ, օրինակ, անձը երկու և ավելի անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները կամ վարչական այլ խախտում է կատարել, եթե անգամ վճարել է տուգանքը։ Ռուսաստան հինգ տարվա ընթացքում չեն կարող վերադառնալ այն մարդիկ, ովքեր արտաքսվել են երկրից։ 2013-ի ընթացքում Ռուսաստանը փակել է մուտքը մոտ 23 հազար ՀՀ քաղաքացիների համար, իսկ, ընդհանուր առմամբ, 31 հազարից ավելի հայաստանցիներ այսօր չեն կարող մուտք գործել Ռուսաստան։ 2013-ին Ռուսաստան մուտք է գործել 680 հազար ՀՀ քաղաքացի՝ 20 տոկոսով ավելի, քան 2012-ին։ Անցած տարի ՌԴ-ում օրինական ճանապարհով աշխատել է ընդամենը 130 հազար ՀՀ քաղաքացի։ 2012-ի համեմատ այս թիվը ավելացել է 4 տոկոսով։