«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պաշտոնական Բաքվի և Երևանի միջև ընթացող նման լիարժեք բանակցություններն ուղղված են հակամարտության կարգավորմանը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի պատասխանատու Էլման Աբդուլաևը` մեկնաբանելով Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումը: Ըստ apa.az-ի՝ Ուորլիքը փետրվարի 12-ին իր էջում գրել է. «Հունական և թուրքական կիպրացիները հայտարարել են, որ սկսում են հակամարտության կարգավորման լիարժեք բանակցություններ: Ինչո՞ւ նույն բանը չի կարող տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի դեպքում»: Apa-ն նշում է, որ հայկական ԶԼՄ-ներն այդ հայտարարությունը մեկնաբանել են որպես բանակցությունների ձևաչափի փոփոխման և Լեռնային Ղարաբաղին բանակցությունների գործընթացում որպես կողմ ընդգրկելու կոչ: «Այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունն այդ գրառմանը պատասխանել է իր թվիթերյան միկրոբլոգում. «Մենք համաձայն ենք դեսպան Ուորլիքի հետ, որ եկել է ժամանակը վերականգնելու բանակցությունների լիարժեք ձևաչափը` Լեռնային Ղարաբաղի ամիջական մասնակցությամբ»», -գրել է apa.az-ը: Կայքը նշել է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Էլնուր Ասլանովն ասել է, թե «որոշ անավարտ արտահայտություններ, որոնք հետագա պարզաբանում են պահանջում, ապակողմնորոշում են հասարակությանը» և նշել, թե բանակցություններում կա միայն երկու կողմ` Ադրբեջանը և Հայաստանը: