Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կարծում է, որ երկրում նոր կառավարության ձևավորման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել Մայդանի կարծիքը: «Արսենի Յացենյուկի և Ալեքսանդր Տուրչինովի հետ վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել ենք, որ մոտակա ժամանակում Մայդանին կառաջարկվի բարձր պրոֆեսիոնալ կառավարություն, որի գերակշիռ մասը ձևավորված կլինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից; Ես խնդրել եմ իմ կոլեգաներին և ընկերներին, երբ նրանք ինձ մոտ են եղել, լայն հանրային խորհրդակցություններ անցկացնել քաղաքացիական հասարակության առաջնորդների, ազգային հեղինակությունների հետ և ձևավորել Ուկրաինայի ապագա կառավարությունը, Մայդանի կառավարությունը, որին կվստահի ժողովրդավարական Ուկրաինան»,-ասել է Տիմոշենկոն zn.ua-ին տված հարցազրույցում: Նա չի բացառել, որ ընդդիմադիրները կարող են նման կառավարության կազմ առաջարկել այսօր, Մայդանում տեղի ունենալիք ավանդական Ժողովրդական վեչեի ժամանակ: «Եթե մարդիկ նման կառավարությանը մանդատ տան, ուրեմն արժե այն Յանուկովիչին առաջարկել հրապարակավ»,-ասել է Տիմոշենկոն, սակայն նաև կասկած է հայտնել, թե Յանուկովիչը կհամագործակցի ընդդիմության հետ:
«Չգիտեմ ինչու համոզված եմ, որ Յանուկովիչն այլ ծրագրեր ունի և նա կհրաժարվի համագործակցությունից: Այդ դեպքում այդ կառավարությունը հենց այդ կազմով, ինչպես կհաստատի Մայդանը, կաշխատի նոր նախագահի հաղթանակից հետո: Դա կլինի նոր Ուկրաինայի նոր կառավարությունը և այն արժանի կլինի իր կոչմանը»,-ասել է Յուլիա Տիմոշենկոն: