Քութաիսի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել` պաշտոնական իրավասությունների գերազանցման, ընտրողներին կաշառելու, պետական միջոցները վատնելու մեղադրանքով: Վանո Մերաբիշվիլին իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ ինքը Վրաստանի նոր իշխանությունների քաղաքական հետապնդման զոհ է: Նրա փաստաբանները պատրաստվում են բողոքարկելու դատարանի վճիռը: «Քութաիսի դատարանը չկարողացավ դիմակայել իշխանությունների ճնշանը և անօրինական վճիռ կայացրեց»,- լրագրողներին հայտարարել է նախկին վարչապետի փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին: Նա պատրաստվում է բողոքարկելու նույն գործով մեղադրվող Զուրաբ Չիաբերաշվիլիի նկատմամբ կայացած վճիռը ևս: Զուրաբ Չիաբերաշվիլին Կախեթիայի նախկին նահանգապետն է: Դատարանի վճռով Չիաբերաշվիլին պետությանը պետք է վճարի 52 հազար լարի` պաշտոնական պարտականությունները ոչ բարեխիղճ կատարելու համար: Նա ևս իրեն մեղավոր չի ճանաչել: «Ես կարծում եմ, որ Վանո Մերաբիշվիլիի նկատմամբ անօրինական վճիռ է կայացվել: Իշխանությունները մեծ ճնշում էին գործադրում դատարանի վրա, այդ պատճառով էլ սկզբից ևեթ հայտնի էր, թե ինչ վճիռ է կայացվելու: Մենք անպայման կշարունակենք արդարության վերականգնման համար մեր պայքարը»,- ասել է Զուրաբ Չիաբերաշվիլին:
Վանո Մերաբիշվիլին 2002 թվականից Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժման» գլխավոր քարտուղարն էր: 2004 թվականից նա եղել է Վրաստանի նախագահի օգնականը ազգային անվտանգության հարցերով, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, պետական անվտանգության նախարարը, ոստիկանության և հասարակական կարգի նախարարը: 2012-ի հուլիսից հոկտեմբեր Վանո Մերաբիշվիլին գլխավորել է կառավարությունը: