Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայերը սատարում են ուկրաինացիներին

Հայերը սատարում են ուկրաինացիներին
19.02.2014 | 17:00

Այսօր Երևանում ուկրաինացիների պայքարը սատարող երթ է տեղի ունեցել: Մի քանի տասնյակի հասնող մասնակիցները քայլել են «Մայդանը նաև մենք ենք» կարգախոսի տակ: ՈՒկրաինացիների հայ աջակիցները ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել են 2008-ի նախա և հետմարտիմեկյան իրադարձությունների հետ, երբ իշխանությունը կրակեց խաղաղ ցուցարարների վրա: ՈՒղիղ վեց տարի առաջ` Երևանում նույնպես պայքարի ոգին էր թևածում, մինչև որ այն ժամանակվա գործող իշխանությունը կրակ բացեց ժողովրդի վրա: ՈՒնեցանք ոչ միայն զոհեր, այլև հարյուրից ավելի քաղբանտարկյալներ: Հետագայում, ինչ-ինչ պատճառներով, պայքարի կրակը մարեց: Եվ հիմա փաստ է, որ պայքարող զանգվածի մի որոշ մասը Հայաստանից արտագաղթել է:

Կիևում միայն երեկ ավելի քան 25 մարդ է զոհվել, այդ թվում` մեկ լրագրող: Հաղորդվում է, որ ընդհանրապես երեկվա դեպքերի արդյունքում 20 լրագրող է տուժել: Երկու օր առաջ ՈՒկրաինայում ընդունվեց համաներման մասին օրենք, որով ազատություն կշնորհվի մինչ փետրվարի 2-ը ձերբակալված ցուցարարներին, սակայն երեկվա դեպքերի արդյունքում կրկին կան ձերբակալվածներ: Յանուկովիչը «մտրակը» ձեռքից չի գցում: Յանուկովիչն արդեն խուսափում է ընդդիմության հետ հանդիպումից, սակայն նրա` ընդդիմությանն ուղղված մեղադրանքներով լի ելույթը այսօր տարածվել է երկրի հեռուստաալիքներով: Երևանում տեղի ունեցած երթի մասնակիցներն այսօր նշել են, որ պահանջում են միջազգային հանրության իրավական գնահատականը` Յանուկովիչի գործողություններին: Սակայն փաստ է, որ նման դեպքերում միայն գնահատականներով հարց չի լուծվում: Գուցե հենց դա նկատի ունենալով ԵՄ մի շարք երկրներ արդեն հանդես են եկել ԵՄ կողմից` Յանուկովիչի իշխանության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առաջարկով: Ինչ-ինչ, հայ ընդդիմադիր հանրությունը լավ գիտե հերթապահ հայտարարությունների արժեքը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ