Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն իր մտահոգությունն է հայտնել ՈՒկրաինայում վերջին բախումների հետ կապված, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Երեկ ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հեռախոսազրույցի ժամանակ Բարոզուն կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը և դատապարտել է ուժի գործադրումը քաղաքական ճգնաժամի լուծման նպատակով: Բարոզուն հիշեցրել է, որ ՈՒկրաինայի կառավարությունը պատասխանատվություն ունի խուսափելու բռնությունից և հարգելու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ ԵՄ-ն ինչպես պատրաստ է օգնություն ցուցաբերել, նույնպես և կարող է կոշտ արձագանքել իրավիճակի վատթարացմանը: Բարոզուն հասկացրել է, որ ԵՄ-ն քննարկում է ՈՒկրաինայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Այսօր Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի արտգործնախարարները ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ միասին հանդիպում կունենան Յանուկովիչի հետ` Կիևում: Հանդիպումից հետո նրանք կվերադառնան Բրյուսել` ԵՄ արտգործնախարարների նիստում քննարկելու ՈՒկրաինայի իշխանությունների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների հարցը: Նման որոշում ընդունվելու դեպքում պատժամիջոցները կկիրառվեն անմիջապես հաջորդ օրվանից` փետրվարի 21-ից: