ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դատապարտել է ՈՒկրաինայում տեղի ունեցող բռնությունները, հաղորդում է CNN-ը Մեքսիկայից, որտեղ և գտնվում է Օբաման այցով: «Միացյալ Նահանգները կատեգորիկ ձևով դատապարտում է ՈՒկրաինայի բռնությունները»,-մեջբերում է ԱՄՆ-ի նախագահի խոսքերը գործակալությունը: Օբաման ընդգծել է, որ «խաղաղ ցույցերը պետք է խաղաղ լինեն»: Միևնույն ժամանակ Օբաման հայտարարել է, որ, իր կարծիքով, ուկրաինական իշխանությունները «պետք է պատասխան տան խաղաղ ցույցերի մասնակիցների և ուկրաինացի ժողովրդի հավաքների ազատությունը խոչընդոտելու, ինչպես նաև սպառնալիքների ու բռնության համար»: Օբաման զգուշացրել է ՈՒկրաինային «հետևանքների» մասին` եթե կողմերը կանցնեն բռնության «որոշակի գիծը»: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն սերտ շփման մեջ է ԵՄ-ի հետ ՈՒկրաինայի հարցերով: Ըստ Միացյալ Նահանգների նախագահի, «զինվորները չպետք է միջամտեն իրավիճակին, որը պետք է թույլատրվի միայն քաղաքացիական անձանց»: «Խաղաղ ճանապարհով ՈՒկրաինային ճգնաժամից դուրս գալ դեռևս հնարավոր է»,- ասել է Օբաման: Չորեքշաբթի, միջազգային հանրությունը ԵՄ-ին և Միացյալ Նահանգներին կոչ արեց ճնշում գործադրել ուկրաինական իշխանությունների վրա: Պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամություն հայտնեցին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը տեղի ունեցող դեպքերը որակեց «հրեշային, անընդունելի և անհանդուրժելի», Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն էլ խոստացավ «անհապաղ արձագանքել»` ցանկացած իրավիճակի վատթարացման դեպքում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: «Պուտինն ու Մերկելը համատեղ կարծիք են հայտնել, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել ՈՒկրաինայում իրավիճակը կայունացնելու համար»,- ասվել է հայտարարության մեջ: Այնուամենայնիվ, Պուտինն ընդգծել է «արևմտյան երկրների կողմից ՈՒկրաինայի պետությանը ներկայացվող մեղադրականներից հրաժարվելու կարևորությունը, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի, ծայրահեղականների ահաբեկչական գործողությունների դատապարտման կարևորությունը»: