Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջին անգամ կոչ է արել քաղաքական երկխոսության միջոցով քննարկման դնել ՈՒկրաինայում անցումային կառավարություն ձևավորելու հարցը: «Մենք կոչ ենք անում ու նաև ինքներս դրա համար պետք է անենք ամեն ինչ, ինչը մեր ուժերի սահմանում է, որ կրկին վերսկսվի քաղաքական երկխոսությունը: Քանի որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է իրական առաջընթաց արձանագրել: Խոսքը անցումային կառավարության մասին է»,- ասել է Մերկելը Ֆրանսիայի նախագահի հետ բանակցությունների ժամանակ, որը հեռարձակվել է գերմանական հեռուստատեսությամբ: Նախկինում, ՈՒկրաինայում անցումային կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին հայտարարել էր Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը: Մերկելը նշել է, որ բռնության պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա, և հույս է հայտնել, որ շուտով կհաջողվի դադարեցնել արյունահեղությունը։ «Երբ արտգործնախարարները (ԵՄ) վաղը հանդիպեն Բրյուսելում, պարտադիր պետք է քննարկեն այն հարցը, թե անհրաժեշտության դեպքում ինչ պատժամիջոցներ է պետք կիրառել ՈՒկրաինայի իշխանությունների նկատմամբ, որպեսզի ցույց տանք, որ մենք լուրջ ենք վերաբերվում քաղաքական գործընթացը վերսկսելու անհրաժեշտությանը և, որ մենք պարզապես չենք կարող հաշտվել տեղի ունեցող սահմռկեցուցիչ դեպքերի հետ»,- ասել է նա: Կիևում զանգվածային փողոցային անկարգությունները վերսկսվեցին երեքշաբթի, Գերագույն ռադայի հանդիպման օրը, որի ժամանակ ընդդիմությունը պահանջեց վերադարձնել խորհրդարանա-նախագահական կառավարման հայեցակարգը և վերականգնել 2004 թ. սահմանադրությունը: Ագրեսիվ տրամադրված ամբոխը փորձել է մոտենալ ՈՒկրաինայի խորհրդարանին, արմատականները ներխուժել են Կիևի կենտրոնական շենք, նրանք այրել են ավտոմեքենաների անվադողեր, ոստիկանների վրա նետել քարեր և «մոլոտովյան կոկտեյլներ»։ Ըստ ոստիկանության տվյալների, արմատականները առաջին անգամ են կիրառել հրազեն: Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, բախումներից զոհվել է 26 մարդ, 263 մարդ էլ տեղափոխվել է հիվանդանոց: