ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը կարծում է, որ ԱՄՆ-ը և Ադրբեջանն ընդհանուր շահեր ունեն էներգետիկայի ոլորտում: «Մենք ցանկանում ենք օգնել Ադրբեջանին՝ զարգացնելու նավթային ոլորտը: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի ապագան առավելագույնս հաջող կլինի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու և մեր ժողովրդավարական պետությունների համագործակցելու դեպքում»,- հայտարարել է Ռիչարդ Մորնինգսթարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը հուսադրող է համարում Ադրբեջանի ձգտումը` անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը. «Մենք կարծում ենք, որ կարող ենք այդ հարցում օգնել Ադրբեջանին, ինչը կդառնա ոչ էներգետիկ ոլորտի զարգացման հիմնական գործոններից մեկը: Միացյալ Նահանգները ռազմավարական տեսանկյունից գնահատում է համագործակցությունն Ադրբեջանի հետ` Աֆղանստանի մասով, այդ թվում՝ այդ երկրում ադրբեջանցի խաղաղապահների տեղակայման հարցով»: ԱՄՆ-ի դեսպանի խոսքով` շատ կարևոր է Ադրբեջանի աջակցությունը 2014-ից հետո, երբ ՆԱՏՕ-ի զորքերը կսկսեն լքել Աֆղանստանը, Ադրբեջանի տարածքով կկատարվի ոչ ռազմական բեռների փոխադրումը:
Էներգետիկ ոլորտում համագործակցությանն անդրադառնալով, Մորնինգսթարը կարևորել է Ադրբեջանի դերը Եվրոպայի գազամատակարարման առումով` շեշտելով, որ կարևոր քայլեր են արվել անցած տարի, երբ ընտրվեց Տրանսանատոլիական խողովակաշարը՝ Եվրոպա գազ մատակարարելու համար, մեկնարկեց Շահ Դենիզի գազի հանքավայրի նախագծի երկրորդ փուլը: Այս երկու իրադարձությունները, ըստ Մորնինգսթարի, կարևոր դեր ունեն Եվրոպայի գազամատակարարման անվտանգության հարցում: «Դրանք կարևոր և հիմնական որոշումներ էին, և դա այն ոլորտն է, որտեղ մենք օգնել ենք Ադրբեջանին հասնելու իր նպատակներին»,- ասել է դեսպանը: Մորնինգսթարի խոսքով` էներգետիկ ոլորտի զարգացումը Ադրբեջանում նպաստում է անկախության և ինքնիշխանության պահպանմանը, որոնց աջակցելը Ադրբեջանի հարցում ԱՄՆ-ի քաղաքականության կարևոր մասն է: Երկկողմ համագործակցության ամենակարևոր ոլորտներից մեկը, ըստ Մորնինգսթարի, ահաբեկչության դեմ պայքարն է, որի շրջանակներում Միացյալ Նահանգները սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ:
«Ամենակարևոր ոլորտներից մեկը էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունն է պոտենցիալ ահաբեկչական գործողություններից»,- հայտարարել է դեսպանը: