Խոսակցությունները, որ Ղրիմն իր մեծաթիվ ռուս բնակչությամբ և ռուսամետ տրամադրություններով կարող է դառնալ կրեմլյան հավակնությունների իրականացման թիրախ, լայնորեն տարածված են, գրում է Guardian-ը: Ողջ ուշադրությունը ներկայում սևեռված է Սևաստոպոլին՝ ռուսական Սևծովյան նավատորմի պատմական տանը, որտեղ, հնարավոր է, թաքնվում է նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Սևաստոպոլի քաղաքապետարանի վրա անգամ բարձրացված է եղել ռուսական դրոշը, նշում է թերթը:
Սևաստոպոլում բողոքի ակցիաները, որոնք մերժում են նոր ընդդիմադիր կառավարության հեղինակությունը, ստիպում են մտածել, որ Ղրիմը կարող է հայտարարել Կիևից անկախանալու մասին և կձգտի մտնել Ռուսաստանի Դաշնություն, ինչը կարող է տեղի ունենալ Կրեմլի հավանությանն արժանացած հանրաքվեի ճանապարհով:
Այդ սցենարը դեռ քիչ հավանական է, սակայն Սևաստոպոլը որոշիչ գործոն է այն հարցում, թե արդյոք ՈՒկրաինան կմնա ունիտար ինքնիշխան պետություն: Դրա հետ մեկտեղ՝ ուկրաինացի ծայրահեղ աջակողմյան ազգայնականները մեղադրում են Մոսկվային Ղրիմը գրավելու մտադրության համար: Նրանք կարծում են, որ Կրեմլը կարող է օգտագործել նույն մարտավարությունը, որն օգտագործել է Հարավային Օսիայում և Աբխազիայում՝ անջատելով Վրաստանից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրություններն ՈՒկրաինայի վերաբերյալ անորոշ են, սակայն մտքերը, որ Պուտինը ձգտելու է տապալել ցանկացած նոր ուկրաինական կառավարություն, որը հեռանում է Ռուսաստանի ուղեծրից, արդարացի են: