ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Հարուկի ՄՈՒՐԱԿԱՄԻ. Է՛հ, բախտս չի բերում

Հարուկի ՄՈՒՐԱԿԱՄԻ. Է՛հ, բախտս չի բերում
26.02.2014 | 11:23

Լինում են օրեր, երբ իրար են հաջորդում փոքր, բայց շատ հաճելի իրադարձություններ:

Այդ օրը, երբ մենք Ստոկհոլմում վարձու ավտոմեքենա վերցրինք, մեր բախտը բերում էր: Նախ՝ մեքենան ուղիղ հյուրանոցի առաջ բերեցին: Երկրորդ՝ նոփ-նոր «Սաաբ 9-3» էր, ոչ թե ինչ-որ հին-մին «Օպել-Աստրա»: Մայիսն էր: Կապույտ սկանդինավյան երկինքը թեթև լողում էր մեր գլխավերևում: Ծրագիրն ինքնաբերաբար ծնվեց՝ որոշեցինք արագընթաց խճուղիով գնալ հարավ: Ճանապարհին ուզում էինք ինչ-որ գյուղակում կանգ առնել ու տեղի հաճելի հյուրանոցում մի քանի օր անցկացնել: Հետո լաստանավով (ավտոմեքենայի հետ) լողալ Դանիա: (Հիմա հնարավոր է կամրջով գնալ, բայց այն ժամանակներում Դանիա հասնում էին լաստանավով, որ նրբագեղ հանդարտությամբ այս ու այն ափ էր լողում): Սքանչելի ծրագիր է, չէ՞: Ազատություն: Մեր բոլոր գործերը Ստոկհոլմում ավարտել էինք, հրաշալի տրամադրություն ունեինք ու մտովի վայելում էինք հաճելի ճանապարհորդության հմայքները:
Առավոտ վաղ դուրս եկանք հյուրանոցից ու նստեցինք մեքենան: Շարժիչը բվվաց և մի քանի րոպեից քաղաքի փողոցներն ավարտվեցին, մենք դուրս եկանք արագընթաց խճուղի: Ձեռքի փոխանցատուփի լծակը սահուն ենթարկվում էր դաստակիս շարժումներին՝ ասես տաք դանակով կարագ ես կտրում: Եվ եթե ինձ խնդրեին ընտրել, ասենք, ոչ ամենա-ամենա-ամենաերջանիկ առավոտը իմ կյանքում, այլ առաջին տասնյակը, այդ առավոտը հաստատ ցանկում կհայտնվեր:
Ճաապարհին կանգ առանք և հրաշագեղ լճակի ափի ռեստորանում նախաճաշեցինք՝ ձուկ ու սալաթ: Ու շարունակեցինք դեպի հարավ մեր ճանապարհը: Մեքենայի պատուհանից աչք էին շոյում գարնանայնորեն թարմ, կանաչապատ դաշտերը, «Սաաբի» շարժիչը համաչափ ու հաճելի գվվում էր՝ Մոցարտի «Փոստային գալարափողի սերենադի» տակտով: Օրը փառահեղ էր: Այդ փառահեղ անվերջության մեջ ուղեկցուհիս ինձ հարց տվեց՝ ասես «Կոպիտ իրականություն» անվանվող կոշտ քաթանի պարկի ամենատակից հանեց երկշաբաթյա վաղեմության կեղտոտ գուլպաները, որոնցով թենիսի մի քանի պարտիա ես խաղացել: Մղձավանջային հարց.
-Իսկ անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը վերցրե՞լ ես:
-……………….
Անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը:
Մեր փաստաթղթերը, իդեպ. թանկարժեք իրերի համար նախատեսված հատուկ քաթանե տոպրակի մեջ, ես պահպանության էի հանձնել հյուրանոցի պահոց: Եվ, իհարկե, մոռացել էի վերցնել:
Ես նայեցի ցուցիչին. մենք արդեն Ստոկհոլմից 250 կիլոմետր հեռացել էինք: 250 կիլոմետր, այսինքն՝ մոտավորապես Տոկիոյից Համանակո լիճը: Հեռու է, չէ՞: Արդեն ցերեկվա երեքն էր: Խոր ու ծանր հոգոց հանելով ես կանգ առա ճանապարհի եզրին: Ու հենց այդ պահին, կարծես ինձ էր սպասում, անձրև սկսվեց:
Մենք վերադարձանք Ստոկհոլմ: Ուրիշ ելք չկար: Հյուրանոց հասանք միայն ուշ երեկոյան (քաղաք մտնելով ես, իհարկե, մոլորվեցի), արևը վաղուց մայր էր մտել: Հոգնածությունից ու ներքին ինչ-որ ամայությունից մենք նույնիսկ ի վիճակի չէինք խոսել: Եթե իրար են հաջորդում շատ հաճելի իրադարձություններ, հետո անպայման սկսվում է հակառակը: Այդպես է կյանքը կառուցված: Ինչ կարող ես անել:
Նույնիսկ հիմա, երբ նայում եմ Շվեդիայի քարտեզին, անմիջապես հիշում եմ հենց այդ օրը ու հերթական անգամ համաձայնում եմ ժողովրդական իմաստնությանը՝ «Եթե ամեն ինչ շատ լավ է, շուտով ամեն ինչ շատ վատ է լինելու»:
Իսկ Շվեդիային հաստատ այնքան էլ հաճելի չէ, որ ես իրեն հիշում եմ այդ ենթատեքստում:

Թարգմանեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 154900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ