Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ապրիլի 4-6-ը ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացնի «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողով:
Եռօրյա համաժողովին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության, սպորտի և երիտասարդության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պաշտոնյաներ, փորձագետներ և երիտասարդական քաղաքականության ու հիմնախնդիրների ոլորտը լուսաբանող լրագրողներ:
Համաժողովի ընթացքում կքննարկվեն կրթական, սոցիալական, մշակույթի, հոգևոր-հայրենասիրական և այլ բնագավառներում գոյություն ունեցող այն հիմնախնդիրները, որոնք հրատապ են և հուզում են երիտասարդներին: Անդրադարձ կկատարվի նաև այն հարցին` արդյոք երիտասարդական հիմնախնդիրները պատշաճ կերպով ներկայացվո՞ւմ են սոցիալական ցանցերում, ի՞նչ անելիքներ կան այս ոլորտում:
Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս երիտասարդական ոլորտի լուսաբանման բնագավառում գոյություն ունեն բազմաթիվ հիմնահարցեր, ՀԵՀ-ի նախաձեռնած համաժողովի նպատակն է կազմակերպել ոլորտի պաշտոնատար անձանց, փորձագետների և լրագրողների մասնակցությամբ գործնական քննարկումներ, որոնց արդյունքում ավելի տեսանելի կդառնան գոյություն ունեցող խնդիրները, ինչը կնպաստի երիտասարդական դաշտի նպատակային և ամբողջական լուսաբանմանն ու երիտասարդական քաղաքականության իրականացման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:
Համաժողովին մասնակցելու համար լրագրողներին անհրաժեշտ է գրանցվել այստեղ: Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 31-ը: