Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը կարծում է, թե Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի դեպքում Պուտինը կդառնա Երրորդ համաշխարհային պատերազմի նախաձեռնողը: «Ես ռուսական իշխանություններին կոչ եմ անում կանգ առնել: Մեր ժողովուրդների միջև չպետք է պատերազմ լինի: Մի՞թե Ռուսաստանը չի հասկանում, որ կարող է դառնալ ագրեսոր, իսկ Պուտինը` ագրեսիան նախաձեռնողը: Եվ դա Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն է»,-հայտարարել է Կրավչուկը: Նա ասել է, թե Ուկրաինայի ցանկացած քաղաքացի ոտքի կկանգնի իր երկրի պաշտպանության համար: «Իմ նախապապը և պապը կռվել են Առաջին համաշխարհային պատերազմում` Ռուսաստանի հետ և ունեն արքայական պարգևներ: Ես 80 տարեկան եմ, բաց զենք կվերցնեմ և կպաշտպանեմ իմ հողը: Յուրաքանչյուր քաղաքացի կպաշտպանի իր տարածքը` ինչպես իր տունը»,- ասել է Լեոնիդ Կրավչուկը:
Ուկրաինայի առաջին նախագահի կարծիքով Ռուսաստանը չպետք է խառնվի Ուկրաինայի ներքին հարցերին. «Ռուսաստանը ասում է, որ մեզ մոտ ինչ-որ բան է տեղի ունենում, որն իրեն դուր չի գալիս: Մեզ նույնպես դուր չեն գալիս բաներ, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում: Բայց Ռուսաստանը` ինքը պետք է լուծի իր հարցերը: Ղրիմում կանայք և երեխաները դուրս են եկել` կանգնելու զինվորականների միջև: Մենք ունենք Չեչնիայի փորձը: Որքա՜ն խաղաղ բնակիչ է զոհվել այնտեղ: Պատերազմում զոհվում են ոչ միայն զինվորականներ, որոնց պրոֆեսիոնալ պարտքն է կռվելը և մեռնելը: Կան նաև ծերեր, կանայք, երեխաներ… Նրանք նույնպե՞ս պետք է մեռնեն ինչ- որ շիզոֆրենիկի պատճառով»:
Կրավչուկը նշել է, որ Ռուսաստանը խախտել է Բուդապեշտի հուշագիրը, և Ուկրաինան բոլոր հիմքերն ունի միջազգային իրավունքի դատարան դիմելու համար: