Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը մարտի 3-ի երեկոյան ընդունեց ՈՒկրաինայի հանդեպ Ռուսաստանի քայլերը դատապարտող և պատժամիջոցներ սահմանող հայտարարություն:
Հայտարարության համաձայն` Եվրոպական միությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ Ռուսաստանի ոտնձգությունները: ԵՄ 28 երկրների արտգործնախարարները իրենց համատեղ հայտարարությունում հիշեցնում են Ռուսաստանին այն բոլոր միջազգային պայմանագրերն ու ակտերը, որով Ռուսաստանը ճանաչում է ՈՒկրաինայի ամբողջականությունը` համաձայնելով, որ Ղրիմի ինքնավար հանրապետությունը կարող է հանրաքվե անցկացնել միայն տեղական խնդիրների վերաբերյալ, այլ ոչ թե այնպիսի հարցերով, որոնք կարող են փոփոխել ՈՒկրաինայի տարածքային կառուցվածքը:
ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանին՝ անմիջապես ետ քաշել իր զինված ուժերը ՈՒկրաինայի տարածքից և խորհրդակցություններ սկսել ՈՒկրաինայի հետ` համաձայն Բուդապեշտի հուշագրի պայմանների: Այս հարցում Եվրամիությունը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ ուժերով պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել կողմերին` կառուցողական երկխոսության և խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Ռուսաստանի կողմից իրավիճակը մեղմող քայլերի բացակայության դեպքում ԵՄ-ն խոստանում է դադարեցնել վիզային բանակցությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաև կիրառել նպատակային պատժամիջոցներ:
Որոշ փորձագետների գնահատմամբ` սա բավականին կոշտ արձագանք է Եվրամիության կողմից:
ԵՄ արտգործնախարարների խորհրդի համատեղ հայտարարությունը նաև նշում է, որ ուշի ուշով հետևելու է ուկրաինական զարգացումներին և պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար` սառեցնելով նրանց ֆինանսական ակտիվները:
ԵՄ-ն խոստանում է օգնել ՈՒկրաինայի նոր կառավարությանն ու իշխանություններին` սահմանադրական բարեփոխումներ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում, այդ թվում՝ խոստանալով Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությունը: