Պատմաբան, կրոնագետ և քաղաքագետ, Մոսկվայի պետհամալսարանի փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր Անդրեյ Զուբովին հեռացրել են համալսարանից: Պատճառը գիտնականի հակապատերազմական ելույթն էր և «Վեդոմոստի» թերթում նրա՝ վերջերս հրապարակված հոդվածը:
Մարտի 1-ին, «Վեդոմոստի»-ում հայտնվել էր Անդրեյ Զուբովի «Դա արդեն եղել է» հոդվածը: Այն սկսվում էր հետևյալ խոսքերով. «Բարեկամներ: Մենք նախաշեմին ենք: Մենք Ռուսաստանի նոր կազմավորման նախաշեմին ենք: Մենք միջազգային համաձայնությունների, տնտեսական քաոսի և քաղաքական ամբողջատիրության փլուզման նախաշեմին ենք: Մենք մեր մերձավոր, բարեկամ երկրի՝ Ուկրաինայի հետ պատերազմի նախաշեմին ենք: Մենք Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման նախաշեմին ենք, մենք սառը, հնարավոր է և տաք, պատերազմի նախաշեմին ենք»:
Պատմաբանը վերլուծում է Ղրիմի իրավիճակը և զուգահեռներ անցկացնում Ուկրաինայի հետ ՌԴ-ի հարաբերությունների ներկա ճգնաժամի և 1938թ.-ին Ավստրիայի՝ Երրորդ Ռայխի մեջ մտնելու հետ:
«Բարեկամներ: Մենք պետք է սթափվենք և կանգ առնենք: Մեր քաղաքական գործիչները մեր ժողովրդին ուղղորդում են դեպի սարսափելի արկածախնդրություն: Պատմական փորձը ցույց է տալիս, որ ոչինչ հենց այնպես չի անցնում: Մենք չպետք է կարգադրվող լինենք, ինչպես ժամանակին Գեբելսի և Հիտլերի խոստումներով կարգադրվում էին գերմանացիները: Հանուն մեր երկրում խաղաղության, հանուն նրա իրական վերածննդի , հանուն ՌԴ-ի տարածքում խաղաղության և իրական բարեկամության մենք պետք է «ոչ» ասենք այս անմիտ, և հիմնականում՝ անպետք ագրեսիային»,- գրել է Անդրեյ Զուբովը: