ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը մարտի 3-ի երեկոյան ընդունեց Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քայլերը դատապարտող և պատժամիջոցներ սահմանող հայտարարություն, որի համաձայն` Եվրոպական միությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ Ռուսաստանի ոտնձգությունները: ԵՄ 28 երկրների արտգործնախարարները հիշեցնում են Ռուսաստանին միջազգային պայմանագրերն ու ակտերը, որոնցով Ռուսաստանը ճանաչում է Ուկրաինայի ամբողջականությունը` համաձայնելով, որ Ղրիմի ինքնավար հանրապետությունը կարող է հանրաքվե անցկացնել միայն տեղական խնդիրների վերաբերյալ, այլ ոչ թե այնպիսի հարցերով, որոնք կարող են փոփոխել Ուկրաինայի տարածքային կառուցվածքը:
ԵՄ կոչ է անում Ռուսաստանին անմիջապես ետ քաշել իր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից և խորհրդակցություններ սկսել Ուկրաինայի հետ` համաձայն Բուդապեշտի հուշագրի պայմանների: Այս հարցում Եվրամիությունը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ ուժերով պատրաստ է աջակցել կողմերին` կառուցողական երկխոսության և խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Ռուսաստանի կողմից իրավիճակը մեղմող քայլերի բացակայության դեպքում ԵՄ խոստանում է դադարեցնել վիզային բանակցությունները Ռուսաստանի հետ, կիրառել նպատակային պատժամիջոցներ: Որոշ փորձագետների գնահատմամբ` սա բավականին կոշտ արձագանք է Եվրամիության կողմից: ԵՄ Խորհրդի համատեղ հայտարարությունը նաև նշում է, որ ուշի-ուշով հետևելու է ուկրաինական զարգացումներին և պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար` սառեցնելով նրանց ֆինանսական ակտիվները:
ԵՄ խոստանում է օգնել Ուկրաինայի նոր կառավարությանն ու իշխանություններին` սահմանադրական բարեփոխումներ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում, այդ թվում՝ խոստանալով Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությունը: