ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի գործողություններն անվանել է «աղաղակող ագրեսիա» և նախազգուշացրել, որ Ամերիկան և մնացած երկրները շատ խիստ կարձագանքեն։ Հավանական պատժամիջոցների թվում են մուտքի վիզաների մերժումը, Ռուսաստանի հաշվեհամարների սառեցումը, առևտրի ոլորտում տուրքերի ավելացումը և ներդրումային տուգանքները։ «Պուտինն այս ամենից օգուտ չի ստանա։ Նա կարող է որոշ ժամանակ իր զորքը պահել Ղրիմում, բայց ի վերջո տանուլ կտա միջազգային ասպարեզում: Ռուսաստանն է կորցնելու, ռուս ժողովուրդն է կորցնելու, Պուտինն է կորցնելու այն ամբողջ փայլը, որ ձեռք է բերել 60 միլիարդ դոլարով Օլիմպիադա անցկացնելով: Նա Սոչիում Մեծ ութնյակ չի կազմակերպի, իսկ եթե այսպես շարունակվի, նա ընդհանրապես Մեծ ութնյակում չի լինի», - ասել է Ջոն Քերրին։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդել է, որ վաղը Քերրին կմեկնի Կիև, որտեղ «Ուկրաինայի ժողովրդին կհայտնի ԱՄՆ-ի աջակցությունը առանց օտար ուժերի միջամտության և սադրանքների սեփական ապագան կերտելու գործում»։