ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իրավիճակից ելնելով, երկու օր շուտ են հանդիպել Հռոմում: «Մենք դեռ վերջնական փոխըմբռնման չենք հասել, մենք ուզում ենք հնարավորինս շատ իմանալ, թե ինչ նկատի ունեն մեր գործընկերները, երբ առաջարկում են ստեղծել ինչ-որ միջազգային մեխանիզմ Ուկրաինայի համար, ինչ կազմ պիտի ունենա»,- հայտարարել է Լավրովը՝ հավելելով, թե պիտի Քերիի առաջարկների մասին հաղորդի նախագահ Պուտինին:
«Պայմանավորվեցինք, որ Ջոն Քերիի ինձ հաղորդած մտքերը կոնկրետ անելիք քայլերի մասին, լրացուցիչ կուսումնասիրենք: Առայժմ միջազգային հանրությանը չենք կարող ասել, որ համաձայնություն ունենք: Ես Ռուսաստան վերադառնալով՝ նախագահին կզեկուցեմ ինչ հարցեր ենք քննարկել, որից հետո նա որոշում կընդունի», - ասել է Լավրովը:
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևորը փետրվարի 21-ին ստորագրված համաձայնագիրը պահպանելն է՝ «նախրառաջ սահմանադրական բարեփոխում, ազգային միասնության կառավարության ձևավորում, ընտրություններ սահմանադրական բարեփոխումից հետո».
«Երկրորդ կարևոր կողմը՝ ցանկացած գործընթաց, որը կարող է աջակցություն ստանալ, անպայման պետք է խարսխված լինի Ուկրաինայի բոլոր տարածաշրջանների հստակ արտահայտված համաձայնության վրա»,- մանրամասնել է ՌՌ արտգործնախարարը: Նա պնդում է, որ Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման հարցով միջազգային բոլոր ձևաչափերը պետք է ստանան ամբողջ երկրի, այդ թվում՝ Ղրիմի և հարավ-արևելյան մարզերի աջակցությունը: