Վրեժ
ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
-Ոտքի՛, դատարանն է գալիս,- դահլիճին սթափեցրեց քարտուղարի սառը հրահանգը:
-Շարունակում ենք հետաձգված դատական նիստը,- հայտարարեց դատավորը՝ շրջվելով դեպի առաջին շարքում նստած ծերունին:- Քաղաքացի Լևոն Արեի Արեյան, ի՞նչ պահանջ ունեք ամբաստանյալից:
-Լաո՛, ամբաստանյալն ի՞նչ է,- շփոթված վեր կացավ ծերունին:
-Ձեր երկու կովերի գողն է,- բացատրեց ծերունուն:
-Լաո՛, գողին գող ասեք, էդ դժվար բառ որտեղի՞ց գտաք,- իր շփոթմունքը փորձեց թաքցնել ծերունին:
Հանդիմանանքից դատավորը մի թեթև վիրավորվեց:
-Քաղաքացի Լևոն Արեյան, գործում կա Ձեր նախնական ցուցմունքը, որ ունեցել եք երկու կով: Կա նաև մեղադրյալի խոստովանական ցուցմունքը: Ամբաստանյալ Անդրանիկ Առաքելյան, ոտքի՛,- կարճ կապեց դատավորը:
-Լաո՛, լավ չլսեցի, էդ մարդու անուն ի՞նչ է,- ծերունին աչքերը չռեց դատավորին:
-Գողի անունը Անդրանիկ է, Ա՛ն-դրա՛-նի՛կ,- վանկատելով շեշտեց դատավորը:
-Դատավո՛ր, քու լեզուն չորնա, դու Անդրանիկի անունով մարդուն իմա՞լ գող ասիր: Որ էդպես է՝ ես կով չեմ ունեցել, լրիվ ղուրբան էղնին էդ անվան,- կարճ կապեց գըրմավցի Լևոնն ու թարս նայեց արդեն չարացած դատավորին:
Իրավիճակը չսրելու համար դատավորը ժամանակավորապես անցավ մյուս տուժողների հարցաքննությանը:
Ծերունին շրջվեց ամբաստանյալի կողմը և այնպիսի ջերմությամբ նայեց իր կովերի գողին, որ վերջինս ամոթից շիկնեց, գլուխն առավ ափերի մեջ:
«Անամոթնե՛ր, Անդրանիկ փաշի անուն ամեն մարդու բերանի բան չի»,- կիսաձայն հերսոտեց գըրմավցի Լևոնը:
-Քաղաքացի Լևոն Արեյան, նորից եմ հարցնում՝ Դուք ի՞նչ պահանջ ունեք ամբաստանյալ Անդրանիկ Առաքելյանից,- մյուս վկաների հարցաքննությունն ավարտելուց հետո ծերունուն դիմեց դատավորը:- Մանավանդ որ ինը երեխա ու տասնյակ թոռներ ունեք, սոված ընտանիքի ապրուստը ինչո՞ւ եք զիջում գողին։
-Հըյլե՛, սոված քու ընտանիքն է, ինչքան կիդաս, էնքան կսովածանա, իմը կո՛ւշտ է ու կո՛ւշտ, մի կտոր ցամաք հացն էլ հերիք է: ՈՒտելով չէ, որ մարդ կկշտանա,- իր ասածից գոհ՝ սիրտը դատարկեց քեռի Լևոնը:
-Գյուղսովետի մատյանից մինչև գործկոմի ու վիճվարչության արխիվներում գրված է, որ ունեցել ես երկու կով և մեկ հորթ: Մեզ հասած տվյալներով՝ ամեն տարի կովերի հարկ ու տուրքը մուծելու ժամանակ նույնիսկ արտասանել ես հիսունականներին կատակով ասվող հայտնի խոսքը՝ «Կեցցե՛ ընկեր Մալենկով, քսանհինգ ոչխար, երեք կով»,- իր գեղարվեստական մեջբերումով նկատելիորեն հպարտացավ դատավորը:
-Հալլա՛, հալլա՛, ես քզի բացատրեցի, որ կով չեմ ունեցել, ի՞նչ ես ուզում էս խեղճ մարդուց,- ձեռքը մեղադրյալին պարզելով՝ վրդովված վեր կացավ Լևոնը:
-Դե վե՛րջ տվեք դեմագոգությանը,- հունից դուրս եկավ դատավորը:
-Լաո՛, ընձի բացատրեք էդ բառի իմաստ,- դատավորից ոչ պակաս հիմար վիճակում հայտնված դատախազին դիմեց Լևոնը:
-Դեմագոգ նշանակում է երկերեսանի,- սառը բացատրեց պետական մեղադրողը:
-Հըյլե՛, հըյլե՛, դեմագոգ քու նման դատավորներն են, երկու չէ, հինգ երես ունեք ու էլի աներես եք,- ձեռնափայտը օդում թափահարելով՝ գոռաց Լևոնը:
-Քաղաքացի Արեյան, չափավորե՛ք ձեր խոսքերը, այլապես միլիցիա կհրավիրեմ,- սպառնաց դատավորը:
Դահլիճը խառնվեց իրար:
-Կես ժամ ընդմիջում,- հայտարարեց դատավորը՝ դատախազի հետ մտնելով խորհրդակցական սենյակ:
-Լաո՛, մեռնիմ քու անունին, գոմում մի հորթ էլ կա, է՛ն էլ քզի ղուրբան,- ձեռնափայտը ամբաստանյալին ուղղելով՝ գոռաց ծերունին:- Անդրանի՛կ, հեյ վա՜խ...- Լևոնի միտքը արդեն Էրգրի ճամփին էր...
Այդ օրը Լևոնը երեք քույրերի հետ սար էր բարձրացել, խավրծիլ պիտի քաղեին: Հեռվից կրակ ու ծուխ նկատեցին։ Մինչ գյուղ կհասնեին՝ ասկյարներն արդեն բոլորին սրի էին քաշել ու տները հրկիզել: Ծնողները և տանը մնացած եղբայրներն ու քույրերը գրեթե մոխրացել էին։ Գըրմավի ողջ մնացածների հետ նրանք ամիսներով թաքնվեցին ձորերում ու քարանձավներում: 1916-ի գարունն էր: Ռուսական զորքն ու հայ կամավորները մտան Մշո դաշտ, Լևոնը քույրերի հետ միացավ գաղթականների խմբին: Պատռված տրեխներով՝ փշոտ ու փոշոտ ճանապարհը թվում էր անվերջանալի: Առջևից մի կերպ գլորվող սայլն ավելի շուտ տնքում էր, քան ճռռում: Սայլում նստեցրել էին սովից հյուծված, ցնցոտիավոր որբ երեխաներին ու ծոցվորած մի կնոջ: Երեխաներից մեկը հազիվ շշնջաց. «Հա՛ց եմ ուզում»: Լևոնը գրպանի գլգիլե հացի վերջին պատառը մեկնեց սովահար երեխային, ով առանց ծամելու այն կուլ տվեց: Մյուսները նայեցին Լևոնին: Այդ պահին մի սպիտակ ձիավոր մոտեցավ սայլին:
-Զինվորների հացից բաժանեք սոված որբերին,- համհարզին կարգադրեց Անդրանիկն ու կռանալով շոյեց Լևոնի գլուխը. տեսել էր Լևոնի գլգիլե հացի վերջին պատառը։ Սայլը ցավից տնքալով հազիվ գլորվում էր, նրա հետևից՝ սոված և ուժասպառ Լևոնը։
-Փաշա՛, խնդրանք ունիմ, կինս ծննդաբերում է, գոնե մի ժամ դադար տվեք,- հուզված՝ Զորավարին դիմեց մի գաղթական ու ժպտալով շարունակեց,- կնոջս կամքն է՝ եթե տղա ծնվի, անունը Անդրանիկ ենք դնելու:
Մեկ ժամ հետո նույն գաղթականը աչքալուսանք բերեց Զորավարին՝ «Փաշա՛, երկու տղա ծնվեց»:
-Աստծու կամքն է, մյուսի անունն էլ ես եմ դնելու՝ նրան կկոչենք Գևորգ: Չավուշի անունը հայի շուրթերից չպիտի պակասի,- ոգևորվեց Անդրանիկն ու հրամայեց շարժվել։
-Դատավորը ձե՛զ է կանչում,- դատական նիստն արձանագրող կինը մոտեցավ Լևոնի որդուն՝ Անդրանիկին, ով փորձում էր հորը համոզել դատավորի հետ պաշտոնական ոճով խոսել: Լևոնը սթափվեց, տհաճությամբ հիշեց, որ դեռ դատարանում է:
«Կա՛-չկա իմ պատճառով տղայիս են ուզում պատժել,- կանչի նպատակը փորձեց կռահել քեռի Լևոնը և մտքում հաստատ որոշեց՝ անասունների կոպալը հարկ եղած դեպքում իջեցնել դատավորի գլխին:- Աստված վկա՝ կենիմ, թե որ դատավոր իրեն մարդավարի չպահի»:
Անդրանիկը դատավորի ու դատախազի անորոշ հայացքներից լավ բան չգուշակեց:
-Ձեր հայրը իրեն տարօրինակ ու անհարգալից է պահում: Մենք կարող ենք նրան հոգեբուժական քննության ուղարկել, նույնիսկ՝ գը՛-ժա՛-նո՛ց: Նման տարօրինակ պահվածք նրա մոտ հաճա՞խ եք նկատել, հիշեք որևէ դեպք,- փորձեց զրույցը փոքր-ինչ մտերմիկ տոնով վերսկսել դատավորը:
«Արե Լևոնի ո՞ր խենթությունը պատմեմ, որ ճիշտ հասկանան»,- մտածեց Անդրանիկն ու հիշեց հոր համեմատաբար մեղմ տարօրինակ արարքներից մեկը։
Լենինական-Երևան երթուղու ավտոբուսով Լևոնը պիտի հասներ մինչև Թալինի Ագարակ գյուղի կանգառը և այնտեղից ճանապարհը շարունակեր պատահական մեքենայով: Ավտոբուսում նեղվածք էր, Լևոնը գինու տակառիկը գրկում էր պահել:
-Ա՛յ վարպետ, քու մոտ մի քանի բաժակ կճարվի՞,- հետևի նստարանից գոռաց Լևոնը:
-Բա լեննականցու մոտ բաժակ չի՞ ճարվի,- ընդգծված հպարտությամբ պատասխանեց վարորդն ու մի քանի բաժակ ուղարկեց տակառիկի բերանը արդեն բացած ծերունուն:
Քիչ հետո քեֆները լավացրած մի քանի զվարճախոս լենինականցիներ սկսեցին երգել ու անեկդոտ պատմել։ Ավտոբուսը կանգնեց Ագարակի խաչմերուկում, վարորդը հաճելի տոնով կանչեց. «Քեռի ջա՛ն, հասանք ձեր գյուղի կանգառին, իջի՛, փող չտա՛ս»: Լևոնը քմծիծաղ տվեց՝ ձեռքը դնելով վարորդի ուսին:
-Վարպե՛տ, ով որ ավտոբուսը չքշի Ագարակ, ես իրա...,- հայհոյանքի վերջին անհարմար բառը լեզվի տակ մաշեց Լևոնը՝ ստիպելով վարորդին երթուղուց շեղել ճանապարհը:
Քիչ առաջվա թասընկերները դիմում են վարորդին. «Ոչի՛նչ, մեծ մարդ է, հասցնենք գյուղ, ժողովուրդը դեմ չի լինի՝ մի կես ժամով շեղվենք երթուղուց, հաշվենք, թե մեքենան փչացել էր»:
Տասնհինգ րոպե անց «Իկարուս» ավտոբուսը Լևոնենց տան մուտքի մոտ էր:
-Ժողովո՛ւրդ, ով չիջնի, ես իրա...,- կանայք այս անգամ մտերմաբար ընդունեցին ծերունու կիսահայհոյանքը։
-Էս ծուռ սասունցուց պրծում չկա, հինգ րոպե հանգստացեք, երևի մի բաժակ էլ թան կհյուրասիրի, շուտ կգնանք,- կարճ կապեց վարորդը:
Մինչ վերջին ուղևորները կմտնեին բակ, Լևոնը հասցրեց մորթել առաջին գառը։ Ընտանիքը հավաքվեց, եկան նաև հարևանները, անցնող-դարձողները։ Բոլորը մի ընտանիքի նման սեղան նստեցին: Տղաները մառանից բերեցին գինու և օղու հոգեպահուստները: Երգ ու պար, անեկդոտ ու կենաց, ծանոթություն ու մտերմություն։
-Քեռի Լևո՛ն, արևուդ մեռնիմ, ի՞նչ առիթ կա,- անընդմեջ համառում էր վարորդը:
-Առի՛թ, տղա լաո՛, առիթ որ էղներ, էսօր գիշեր իմ տուն կմնայիք,- քթի տակ ժպտաց Լևոնը։ Մտքերը քեռի Լևոնին նորից տարան... Աչքերի առջև սայլն էր, սոված որբուկը, գլգիլե հացի վերջին կտորը։ Լևոնն աչքերը փակել ու այդ պահին սայլի սոված որբերին էր հաց տալիս։
Երկու ժամ հետո կերած-խմած ուղևորները ոգևորությամբ տեղավորվեցին ավտոբուսում: Գինովցած քեռի Լևոնը ավտոբուսի աստիճանին հրաժեշտ տվեց հյուրերին. «Դե հիմի գնացե՛ք, ես ձեր...»: Նույնիսկ կանայք ժպիտով պատասխանեցին քեռի Լևոնի հրաժեշտի օրհնանք հիշեցնող կիսահայհոյանքին, ինչը սեղանի մոտ վաղուց արդեն բարեմաղթանք էր ընդունվում։ «Տե՛ր Աստված, ի՞նչ եղան էն սոված որբերը, ինչքան քիչ բան է պետք, որ մարդիկ իրար լավ հասկանան ու սիրեն իրար»,- հրաժեշտը կիսաշշուկով ավարտեց Արե Լևոնը։ Ավտոբուսը շարժվեց դեպի Լենինական-Երևան երթուղին։
-ՈՒրիշ ի՞նչ փաստեր կան նրա տարօրինակ վարքագծի մասին,- գրեթե միաբերան հարցրին դատավորն ու դատախազը՝ ակնկալելով ավելի հետաքրքիր պատասխան:
-Մի անգամ հայրս թաղի ոչխարի հոտը տարավ հանդերը արածեցնելու, մեր հերթն էր,- սկսեց Անդրանիկը:- Կամակոր այծերը փախչում են դեսուդեն, հոգնեցնում նրան: Սուրբխաչի օրն էր: Հայրս հոտը բերում է մայրուղու կանգառներից մեկը: «Սրբխեչի ուլերը վաճառվում են շատ էժան գնով»,- կանգառ կատարած մեքենաների ուղևորներին ասում է հայրս և շտապ գործի անցնում։ Երեկոյան, առանց ուլերի, հոտը բերում է գյուղ: Քիչ հետո տասը ուլատերերը հավաքվում են մեր դռանը և դիմում հորս՝ «Քեռի Լևո՛ն, ուլերն ո՞ւր են»: Հայրս գրպանից հանում է փողերը և բոլորին բաժանում՝ «Շատ չար էին, կերան զիմ հոգին, ես էլ ծախեցի»։
-Դատական նիստը շարունակվում է: Քաղաքացի Լևոն Արեյան, մենք արդեն գիտենք, որ Դուք տարօրինակություններ ունեք, բայց դա ձեզ իրավունք չի տալիս հրաժարվելու նախնական ցուցմունքից, որում գրել եք, որ գողացել են ձեր երկու կովը,- վճռական տոնով կարճ կապեց դատավորը:
-Ես կով չե՛մ ունեցել, և Անդրանիկին էլ գող չասեք,- նույն տոնով զայրույթը դատավորին նետեց գըրմավցի Լևոնը և արհամարհանքով շրխկացրեց դատարանի դահլիճի դուռը՝ դատավորի կողմը թափ տալով անասունները քշելու կոպալը:
...Դատավորը նիստը արձանագրողին հատ-հատ թելադրեց գրվելիք դատավճռի ամենակարևոր նախադասությունը՝ քաղաքացի Լևոն Արեյանը կով չի ունեցել...