Ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ, միջազգային հարաբերությունների վերլուծաբան Հենրի Քիսինջերը The Washington Post թերթում առաջարկում է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման մի քանի սկզբունքներ:
Այսօր Ուկրաինայի շուրջ ծավալվող հանրային քննարկումները ամբողջությամբ առճակատման շուրջ են: Բայց արդյո՞ք մենք գիտենք՝ ուր ենք գնում: Իմ կյանքում ես 4 պատերազմ եմ տեսել, որոնք սկսվել են մեծ խանդավառությամբ և ժողովրդական աջակցությամբ, իսկ հետո մենք չգիտեինք, թե ինչպես ավարտել՝ երեքից միակողմանի դուրս գալով: Քաղաքական գործչի համար փորձությունն այն չէ, թե ինչպես է պատերազմը սկսվում, այլ այն, թե ինչպես է ավարտվում:
Ուկրաինայի հարցը չափազանց հաճախ է ներկայացվում որպես վճռորոշ մարտ. Ուկրաինան Արևե՞լք կգնա, թե՞ Արևմուտք: Մինչդեռ եթե Ուկրաինան ցանկանում է գոյատևել և բարգավաճել, չպետք է վերածվի կողմերից մեկի ֆորպոստի՝ մյուսի դեմ: Պետք է կամուրջ դառնա երկու կողմերի միջև:
Ռուսաստանը պետք է ընդունի, որ Ուկրաինան արբանյակ-պետության վերածելու և դրա հաշվին դարձյալ Ռուսաստանի սահմաններն առաջ տանելու ջանքերը իրեն դատապարտում են մտնել Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում փոխադարձ ճնշումների՝ անընդհատ կրկնվող շրջան:
Արևմուտքը պետք է հասկանա, որ Ռուսաստանի համար Ուկրաինան երբեք չի դառնա սովորական արտասահմանյան երկիր: Ռուսաստանի պատմությունը սկսվում է Կիևյան Ռուսիայից: Այնտեղից է եկել ռուսական ուղղափառությունը: Ուկրաինան հարյուրամյակներ շարունակ եղել է Ռուսաստանի կազմում, սակայն մինչ դա էլ նրանց պատմությունը սերտ կապված է եղել: Ռուսաստանի ազատագրման համար ամենակարևոր մարտերը՝ սկսած 1709 թ. Պոլտավայի ճակատամարտից, տեղի են ունեցել ուկրաինական հողի վրա: Սևծովյան նավատորմը, որի միջոցով Ռուսաստանը ուժ է կենտրոնացնում Միջերկրական ծովում, տեղակայված է Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում՝ երկարատև վարձակալության հիմունքով: Նույնիսկ այնպիսի փառաբանված այլախոհներ, ինչպես Ալեքսանդր Սոլժենիցինը և Իոսիֆ Բրոդսկին են, պնդում էին, որ Ուկրաինան Ռուսաստանի պատմության, և հենց Ռուսաստանի անքակտելի մասն է: Եվրամիությունը պետք է ընդունի, որ իր բյուրոկրատիայի դանդաղաշարժությունը և Ուկրաինայի ու Եվրոպայի բանակցություններում ռազմավարական տարրը ներքին քաղաքականությանը ենթարկելը հանգեցրել են նրան, որ բանակցային գործընթացը վերածվել է ճգնաժամի: Արտաքին քաղաքականությունը առաջնահերթությունները դասավորելու արվեստ է:
Վճռորոշ տարրը իրենք՝ ուկրաինացիներն են: Նրանք ապրում են բարդ պատմություն ունեցող և բազմալեզու երկրում: Ուկրաինայի արևմտյան մասը Խորհրդային Միությանը կցվել է 1939 թ., երբ Ստալինը և Հիտլերը բաժանում էին ավարը: 60 տոկոսով ռուսներով բնակեցված Ղրիմը Ուկրաինայի կազմի մեջ է մտել միայն 1954 թ., երբ ծագումով ուկրաինացի Նիկիտա Խրուշչովը այդ հանրապետությանը պարգևատրեց Ռուսաստանի և կազակների միջև պայմանագրի 300-ամյակի կապակցությամբ: Երկրի արևմուտքում հիմնականում կաթոլիկներ են, արևելքում՝ ճնշող մեծամասնությամբ ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ: Արևմուտքը խոսում է ուկրաիներեն, արևելքը՝ հիմնականում ռուսերեն: Ուկրաինայի մի հատվածի կողմից մյուսի վրա գերիշխանութուն հաստատելու ցանկացած փորձ (ինչը վերածվել է օրինաչափության) ժամանակի ընթացքում կհանգեցնի քաղաքացիական պատերազմի և երկրի փլուզմանը: Եթե Ուկրաինան դիտենք որպես Արևելքի և Արևմուտքի առճակատման մասնիկ, Ռուսաստանի և Արևմուտքի, և մասնավորապես Ռուսաստանի և Եվրոպայի միջև միջազգային համագործակցության համակարգ ստեղծելու ցանկացած հեռանկար կտապալվի տասնամյակներով:
Ուկրաինան անկախ է ընդամենը 23 տարի: Մինչ այդ՝ 14-րդ դարից սկսած, միշտ եղել է որևէ մեկի, օտարերկրյա մեկի իշխանության տակ: Զարմանալի չէ, որ նրա առաջնորդները չեն սովորել փոխզիջումների արվեստը, ընդ որում ավելի քիչ յուրացրել են պատմական հեռանկարների դասը: Անկախության ձեռքբերումից հետո Ուկրաինայի քաղաքականությունը հստակ ցույց է տալիս, որ խնդրի արմատը Ուկրաինայի քաղաքական գործիչների՝ իրենց կամքը երկրի անհնազանդ և դիմադրող հատվածի վզին փաթաթելու փորձերի մեջ է: Սկզբում դա անում է մի խմբակցություն, հետո՝ մյուսը: Հենց դրանում է Վիկտոր Յանուկովիչի և նրա գլխավոր քաղաքական հակառակորդ Յուլյա Տիմոշենկոյի միջև առճակատման էությունը: Նրանք ներկայացնում են Ուկրաինայի երկու թև և չեն ցանկանում կիսել իշխանությունը: Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի խոհեմ քաղաքականությունը պետք է ներառի երկրի երկու հատվածների միջև համագործակցության հնարավոր ուղիների փնտրտուքներ: Մենք պետք է ձգտենք այդ խմբավորումների հաշտեցմանը և ոչ թե դրանցից մեկի գերիշխանությանը:
Սակայն Ռուսաստանը և Արևմուտքը, և ամենակարևորը՝ մեծաթիվ ուկրաինական խմբավորումները, չեն հետևում այդ սկզբունքին: Կողմերից յուրաքանչյուրը միայն սրում է իրավիճակը: Ռուսաստանը չի կարող ռազմական լուծում պարտադրել՝ առանց ինքնամեկուսացման, այն պահին, երբ իր սահմանների մեծ մասը արդեն գտնվում են ոչ հուսալի վիճակում: Արևմուտքի համար Վլադիմիր Պուտինի դիվականացումը քաղաքականություն չէ, այլ դրա բացակայության արդարացում:
Պուտինը պետք է հասկանա, որ չնայած իր բոլոր դժգոհություններին և բողոքներին՝ ռազմական ճնշման քաղաքականությունը սկիզբ կդնի միայն նոր սառը պատերազմի: ԱՄՆ-ը, իր հերթին չպետք է Ռուսաստանի հետ վարվի ինչպես ճիշտ ուղուց շեղված երկրի հետ, որին պետք է համբերատար սովորեցնել Վաշինգտոնի սահմանած վարքի կանոնները: Պուտինը լուրջ ստրատեգ է Ռուսաստանի պատմության դաշտում: Ամերիկյան արժեքները և հոգեբանությունը հասկանալը նրա ամենաուժեղ գիծը չէ: Իսկ ռուսական արժեքների և հոգեբանության ընկալումը երբեք չի եղել ամերկացի քաղաքական գործիչների ուժեղ գիծը:
Բոլոր կողմերի ղեկավարները պետք է վերադառնան արդյունքների և հետևանքների վերլուծությանը, ոչ թե մրցակցեն դիրքորոշումներում: Ահա թե ես ինչպես եմ պատկերացնում ելքը՝ համապատասխան բոլոր կողմերի արժեքների և շահերի անվտանգության.
1. Ուկրաինան պետք է իրավունք ունենա ազատ ընտրել իր տնտեսական և քաղաքական կապերը, այդ թվում Եվրոպայի հետ:
2. Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին: Նույնպիսի դիրքորոշում ես ունեի դեռ 7 տարի առաջ, երբ առաջին անգամ բարձրացվեց այս հարցը:
3. Ուկրաինան պետք է ունենա կառավարություն ստեղծելու բոլոր հնարավորությունները՝ համաձայն իր ժողովրդի կամարտահայտման: Ուկրաինացի խոհեմ առաջնորդներն այդ դեպքում նախապատվություն կտան երկրի տարբեր հատվածների հաշտեցման քաղաքականությանը: Միջազգային պլանում նրանք պետք է վարեն Ֆինլանդիայի քաղաքականությանը համարժեք քաղաքականություն: Այդ երկիրը ոչ մի կասկած չի թողնում իր լիարժեք անկախության վերաբերյալ, համագործակցում է Արևմուտքի հետ մի շարք բնագավառներում՝ միաժամանակ խուսափելով Ռուսաստանի հետ քաղաքական թշնամությունից:
4. Գոյություն ունեցող համաշխարհային կարգի օրենքներով անթույլատրելի է, որպեսզի Ռուսաստանը բռնակցի Ղրիմը: Սակայն Ղրիմի և Ուկրաինայի հարաբերությունները հնարավոր է հանդարտեցնել: Այդ նպատակով Ռուսաստանը պետք է ընդունի Ուկրաինայի ինքնիշխանությունը Ղրիմում: Ուկրաինան պետք է ընդլայնի Ղրիմի ինքնավարությունն ընտրություններով՝ արտասահմանյան դիտորդների ներկայությամբ: Այդ գործընթացը պետք է ներառի Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի վերաբերյալ ցանկացած անորոշության բացառում:
Սրանք սկզբունքներ են, ոչ թե հրահանգներ: Այս տարածաշրջանին ծանոթ մարդիկ գիտեն, որ դրանց մի մասը հաճո չէ այս կամ այն կողմին: Բայց այժմ կարևոր է ոչ թե բացարձակ բավարարվածությունը, այլ հավասարակշռված ոչ բավարարված վիճակը: Եթե այս կամ նման տարրերի հիմքի վրա որևէ լուծում չգտնվի, առճակատման տեմպերը կարագանան: Նման որոշում կայացնելու ժամանակը բավական շուտ կգա: